Լեհաստանի Սահմանադրական տրիբունալի դատավոր Աննա Կորվին-Պյոտրովսկայան կարգադրել է ժամանակավորապես փոխել կառույցի աշխատակարգը՝ ղեկավարության շուրջ հակամարտության սրման ֆոնին։ Դատավորներին հորդորվել է իրենց պարտականությունները կատարել Վարշավայում գտնվող տրիբունալի շենքից դուրս, իսկ աշխատակիցների մեծ մասի ծառայողական պարտականությունների կատարումը կասեցվել է՝ աշխատավարձի պահպանմամբ, հայտնում է Polsat News-ը։

Իր կարգադրության մեջ Կորվին-Պյոտրովսկայան վկայակոչել է անվտանգության ապահովման և կառույցի բնականոն աշխատանքի վերականգնման անհրաժեշտությունը։ Սահմանափակումները կգործեն մինչև հետագա ծանուցումը։

Այն աշխատակիցները, որոնց հատուկ կկանչեն աշխատավայր, պարտավոր կլինեն ներկայանալ տրիբունալի շենք։ Անմիջապես հաստատությունում աշխատելու որոշում կայացրած դատավորները նույնպես կկարողանան ներս մտնել պաշտոնական հաղորդագրություններում նշված մուտքերով։

Բացի այդ, Կորվին-Պյոտրովսկայան տրիբունալի գրասենյակի և իրավաբանական ծառայության գործունեությունը սահմանափակել է այն առաջադրանքներով, որոնք անձամբ կսահմանի։ Նամակագրության ընդունման բաժնի աշխատանքը կասեցվել է. հանձնարարվել է փաստաթղթերը հաստատություն ուղարկել փոստային օպերատորի միջոցով։ Դատավորը նաև չեղարկել է տրիբունալի նախագահին փոխարինելու և գործատուի անունից առանձին գործառույթներ իրականացնելու վերաբերյալ նախկինում տրված լիազորությունները։ Մինչև նոր լիազորությունների ձևակերպումն աշխատանքի կազմակերպման և ժամանակացույցի վերաբերյալ կարգադրությունները կտա անձամբ նա։

Սահմանադրական տրիբունալի կայքում հատուկ նախազգուշացրել են, որ X սոցիալական ցանցում @nowyTK_GOV_P օգտահաշվի հրապարակումները կառույցի գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չեն հանդիսանում։ Նման տեղեկությունների միակ պաշտոնական աղբյուր է նշվել տրիբունալի կայքը։

Նոր կարգադրությունը դարձել է ուրբաթ օրը սրված հակամարտության շարունակությունը, երբ Կորվին-Պյոտրովսկայան հայտարարեց տրիբունալի նախագահ Բոգդան Սվենչկովսկու և նրա տեղակալ Բարթլոմեյ Սոխանսկու ծառայողական պարտականությունների, այդ թվում՝ նրանց կողմից ղեկավար գործառույթների կատարման կասեցման մասին։ Նախկին ղեկավարությունը վիճարկել է այդ գործողությունների օրինականությունը։

Շաբաթ օրը Սվենչկովսկին տեղի ունեցածը կրկին որակել է որպես «պետական հեղաշրջում»։ Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ նախագահ Կարոլ Նավրոցկու հայտարարած խորհրդակցությունները հետագա էսկալացիայի չեն հանգեցնի։ Polsat News-ի տվյալներով՝ շաբաթ օրը տրիբունալի շենքում են գտնվել կառույցի կառավարման նախկին կարգը վիճարկող դատավորները։ Ինքը՝ Սվենչկովսկին, այնտեղ չի եղել։