Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել անդրատլանտյան ստրկավաճառության համար բրիտանական պետության անունից պաշտոնապես ներողություն խնդրելու հարցը, սակայն բացառել է ֆինանսական փոխհատուցումների տրամադրումը։

Նրա հայտարարությունը հնչել է Կարիբյան ավազանի երկրներ Չարլզ III թագավորի շրջագայության և Անտիգուա և Բարբուդայում կայանալիք Ազգերի համագործակցության գագաթնաժողովի ֆոնին։ Ուրբաթ օրը The Guardian պարբերականում հրապարակված իր հոդվածում Բերնհեմն առաջարկել է համակարգված երկխոսություն սկսել ստրկավաճառությունից տուժած անձանց և համայնքների հետ։

Նրա խոսքով՝ պաշտոնական ներողություն հայցելու պահանջների քննարկումն այս գործընթացի կարևոր բաղադրիչը կդառնա։

Միևնույն ժամանակ վարչապետը մերժել է ֆինանսական ռեպարացիաների գաղափարը։ Նա հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի ներկայիս քաղաքացիները, որոնք անձամբ չեն մասնակցել ստրկավաճառությանը, չպետք է դրա համար ֆինանսական պատասխանատվություն կրեն։

Բերնհեմի այս դիրքորոշումը բրիտանական իշխանությունների մոտեցումներում նկատելի տեղաշարժի մասին է վկայում. նախկինում Լոնդոնը հետևողականորեն մերժում էր ինչպես պաշտոնական ներողություն խնդրելու, այնպես էլ փոխհատուցումներ վճարելու պահանջները։

Բարբադոսի վարչապետ Միա Մոտլին ողջունել է բրիտանացի գործընկերոջ՝ ներողություն հայցելու հնարավորությունը քննարկելու պատրաստակամությունը։ Ճամայկայի կառավարության ղեկավար Էնդրյու Հոլնեսը նույնպես սատարել է երկխոսություն սկսելու գաղափարին՝ նշելով, որ բաց քննարկումը լավ մեկնարկային կետ է բարդ հարցերի կարգավորման համար։

Կարիբյան պետություններն արդեն երկար տարիներ հետամուտ են ստրկավաճառության համար Մեծ Բրիտանիայի պատասխանատվության ճանաչմանը։ Միլիոնավոր աֆրիկացիների բռնի ուժով Ատլանտյան օվկիանոսով տեղափոխում էին Ամերիկա, որտեղ նրանց ստիպում էին աշխատել պլանտացիաներում՝ դաժան վերաբերմունքի և հիմնարար իրավունքներից զրկված լինելու պայմաններում։

Բահամյան կղզիներ կատարած վերջին այցի ժամանակ Չարլզ III-ն ընդունել է անցյալի տառապանքների ու անարդարությունների մասին բարձրաձայնելու անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ ռեպարացիաների վերաբերյալ պահանջները շարունակում են վեճի առարկա մնալ. Ճամայկան վերջերս այդ հարցը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի բարձրագույն վերաքննիչ ատյանի քննությանը։