Լեհաստանի նախկին վարչապետ, «Զարգացում պլյուս» նոր քաղաքական միավորման առաջնորդ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է Դոնալդ Տուսկի կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու մտադրության մասին և առաջարկել ձևավորել տեխնիկական կառավարություն՝ Սեյմի նախկին նախագահ Մարեկ Յուրեկի գլխավորությամբ։ Մորավեցկու կարծիքով՝ ժամանակավոր կառավարությունը պետք է գործի մինչև 2027 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Հայտարարությունը հնչել է երկրի Սահմանադրական տրիբունալի շուրջ հակամարտության սրման ֆոնին։
«Մենք Տուսկի կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկ ենք ներկայացնում։ Մեր առաջարկը Մարեկ Յուրեկի գլխավորությամբ տեխնիկական կառավարություն ձևավորելն է՝ մինչև ընտրությունները, որոնց արդյունքում կձևավորվի նոր խորհրդարանական մեծամասնություն», — գրել է Մորավեցկին X սոցիալական ցանցում։
Նա նաև կոչ է արել վերագործարկել Սահմանադրական տրիբունալը՝ հայտարարելով, որ փոփոխությունների անհրաժեշտությունն ընդունում են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ ձախակողմյան Razem միավորումից մինչև պահպանողական և աջակողմյան խմբեր։ Միաժամանակ, Մորավեցկին ընդգծել է, որ անթույլատրելի է համարում բարեփոխմանը նրանց մասնակցությունը, որոնց ինքը մեղադրել է կառույցը զավթելու մեջ։
«Այս կոալիցիայի աղետալի կառավարման ավարտն ինքնին միայն սկիզբը կլինի․ անհրաժեշտ է հետագա քայլերի հստակ ծրագիր, որպեսզի երեկվա դրամատիկ տեսարաններն այլևս երբեք չկրկնվեն», — հայտարարել է քաղաքական գործիչը։
Սահմանադրական տրիբունալի շուրջ ճգնաժամը սրվել է հոկտեմբերի 30-ին, երբ դատավոր Աննա Կորվին-Պյոտրովսկան հայտարարել է դատարանի նախագահ Բոգդան Սվենչկովսկու և նրա տեղակալ Բարտոշ Սոխանսկու լիազորությունները ժամանակավորապես կասեցնելու մասին և հայտնել, որ ստանձնում է կառույցի ղեկավարումը։
Նախկին ղեկավարությունը վիճարկել է այդ գործողությունների օրինականությունը։ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին վաղաժամ ընդհատել է այցը Սենեգալ և վերադարձել երկիր։ Նա տեղի ունեցողը որակել է որպես սահմանադրական կարգի խախտում։ Տուսկի կառավարությունը, ընդհակառակը, պնդում է, որ ձգտում է վերականգնել օրինականությունը և ապահովել խորհրդարանի ընտրած դատավորների՝ աշխատանքի անցնելու հնարավորությունը։ Տրիբունալի կազմի և լիազորությունների շուրջ վեճը շարունակվում է 2015 թվականից և կապված է դատավորների նշանակման ու դատական համակարգի անկախության շուրջ տարաձայնությունների հետ։





























