Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ դրանց մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թվի կտրուկ աճից հետո։ Մեկ տարվա ընթացքում ինքնագլոր վարողների մասնակցությամբ վթարների թիվն աճել է 73 տոկոսով, հայտնել է վարչապետ Պետեր Մադյարը, փոխանցել է Euronews-ը։
Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ 14-18 տարեկան դեռահասները կկարողանան վարել միայն մինչև 25 կմ/ժ առավելագույն արագությամբ էլեկտրական ինքնագլորներ։ Նրանց համար պարտադիր կդառնա նաև սաղավարտ կրելը։
Ավելի հզոր և արագընթաց մոդելներ վարելու համար կպահանջվի AM կարգի վարորդական վկայական, որը մոպեդ վարելու իրավունք է տալիս։ Նման էլեկտրական ինքնագլորներով մայթերով երթևեկելն արգելվելու է։ Վարձույթով տրամադրվող մոդելների արագությունը նախատեսվում է սահմանափակել մինչև 20 կմ/ժ։
Կառավարությունը մտադիր է ճանապարհային երթևեկության կանոններում առաջին անգամ էլեկտրական ինքնագլորներն առանձնացնել որպես տրանսպորտային միջոցների առանձին կատեգորիա։ Դրանց համար կսահմանվեն հատուկ պահանջներ. վարողներին կարգելվի երթևեկել ալկոհոլային հարբածության վիճակում, ուղևորներ տեղափոխել և խախտել սահմանված այլ սահմանափակումները։
Տրանսպորտային իրավունքի փորձագետ Միկլոշ Հերպին ողջունել է կանոնների խստացումը, սակայն նշել է, որ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են միայն ղեկով երկանիվ ինքնագլորներին։ Նրա խոսքով՝ Հունգարիայում երկար ժամանակ հստակ պատասխան չի եղել առանցքային հարցերին՝ որտեղ կարելի է երթևեկել էլեկտրական ինքնագլորներով, ովքեր իրավունք ունեն օգտվել դրանցից, և արդյոք վարորդական վկայական է պահանջվում։
Հերպին նաև մատնանշել է երեխաների շրջանում վնասվածքների թվի աճը։ Նրա խոսքով՝ ինքնագլորներով երթևեկելուց հետո գլխի վնասվածքներով այնքան շատ անչափահասներ են ընդունվում մանկական հիվանդանոցներ և վնասվածքաբանական բաժանմունքներ, որ իրավիճակն անընդունելի է դարձել։ Նա Հունգարիան անվանել է Եվրամիության վերջին երկիրը, որտեղ էլեկտրական ինքնագլորների օգտագործումը մինչ օրս պատշաճ կերպով չի կարգավորվել։
Նոր կանոնները մշակելիս կառավարությունը հաշվի է առել ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ հանրային հարցման արդյունքները. ամռանը հարցաթերթիկը լրացրել է ավելի քան 340 հազար մարդ։ Նախագծի մշակմանը մասնակցել են նաև մասնագիտական կազմակերպություններ։ Նախքան վերջնական հաստատումը նախատեսվում է փաստաթուղթը ներկայացնել հանրային քննարկման։





























