Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության աշխատակիցները կարծում են, որ Քեմբրիջշիր կոմսության ոստիկանությունն անօրինաչափորեն է ամերիկացի զինվորականներին փոխանցել ԱՄՆ ՌՕՈւ օդաչու Ջեյքոբ Վուլֆսոնի գործի քննությունը, որը հարձակվել էր բրիտանուհի Սառա Սթիլի վրա, հայտնել է The Guardian-ը՝ հղում կատարելով տեղեկատվության ազատության մասին օրենքի շրջանակում ստացված փաստաթղթերին։

2023 թվականի դեկտեմբերին Վուլֆսոնը, որը ծառայողական պարտականությունների կատարման մեջ չի եղել, Քեմբրիջի իր բնակարանում հարձակվել է Սթիլի վրա՝ Tinder հավելվածի միջոցով ծանոթանալուց հետո։ Կինը նրան մեղադրել է սեռական բռնության մեջ։

Սակայն բրիտանական քրեական դատարանում գործը քննելու փոխարեն քննությունը փոխանցվել է ԱՄՆ ռազմական ոստիկանությանը, իսկ մեղադրյալին դատել է Սաֆոլք կոմսության Լեյքենհիթ ամերիկյան ավիաբազայում գործող ռազմական տրիբունալը։

Ըստ ներքին փաստաթղթերի՝ բրիտանական պաշտպանության նախարարության աշխատակիցներն այս որոշումը համարել են Լոնդոնի և Վաշինգտոնի միջև վաղուց գործող համաձայնագրի խախտում։ Այն նախատեսում է, որ բրիտանական ոստիկանությունն առաջնահերթ իրավունք ունի քննելու Մեծ Բրիտանիայում գտնվող ամերիկացի զինծառայողների ենթադրյալ հանցագործությունները։

Գործն ամերիկյան կողմին փոխանցելը թույլատրվում է միայն սահմանափակ հանգամանքներում, օրինակ՝ եթե հանցագործությունը կատարվել է ծառայողական պարտականությունները կատարելիս կամ մեկ այլ զինծառայողի դեմ։

«Սթիլի գործը, դատելով առկա հանգամանքներից, չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են իրավազորությունն ընդունող կողմին փոխանցելու համար», — ասվում է բրիտանացի պաշտոնյաների՝ հուլիսի 8-ին պատրաստած ծառայողական գրառման մեջ։

Պաշտպանության նախարարության մեկ այլ աշխատակից հայտնել է, որ գործը «անկասկած, պետք է քննվեր բրիտանական դատարաններում»։ Մեծ Մանչեսթրի ոստիկանության ներկայացուցիչը նույնպես սխալ է համարել քննությունն ամերիկացի զինվորականներին փոխանցելը։

Ապրիլին ռազմական տրիբունալը, որի կազմում ընդգրկված էին բացառապես տղամարդիկ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպաներ, Վուլֆսոնին մեղավոր է ճանաչել զուգընկերուհուն խեղդելու մեջ, սակայն արդարացրել է սեռական բռնության մեղադրանքով։ Նրան հեռացրել են ռազմաօդային ուժերից և դատապարտել վեցամսյա ազատազրկման Լեյքենհիթ ավիաբազայի ռազմական բանտում։ Սթիլը հայտարարել է, որ դատավարությունն իր համար նվաստացուցիչ ու ծանր էր, իսկ մեղադրյալի փաստաբանն իրեն ենթարկել է կոշտ, անձնական կյանք ներխուժող հարցաքննության։

Հունիսին Guardian-ի հետաքննության հրապարակումից հետո բրիտանական կառավարությունը հայտարարել է միջգերատեսչական ստուգման մասին՝ ուսումնասիրելու այն դեպքերը, երբ ոստիկանությունն ամերիկացի զինվորականներին է փոխանցել Մեծ Բրիտանիայում կատարված ծանր հանցագործությունների քննությունը։ Ստուգմանը մասնակցում են պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ոստիկանության ղեկավարները։

Քեմբրիջշիրի ոստիկանությունը հայտնել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի իրավաբանների աջակցությամբ վերանայում է գործը և շարունակում է կապ պահպանել տուժողի հետ։ Մեծ Բրիտանիայում գտնվում է ավելի քան 12 հազար ամերիկացի զինծառայող՝ տեղակայված առնվազն 15 ռազմաբազաներում և օբյեկտներում։

Վուլֆսոնի դեպքն այն մի քանի դրվագներից մեկն է, որոնք Guardian-ը բացահայտել է ամերիկացի զինծառայողների գործերն ԱՄՆ ռազմական արդարադատությանը փոխանցելու գործելակերպի հետաքննության ընթացքում։ Մյուս դեպքերը վերաբերում էին բրիտանացի կանանց և անչափահասների դեմ ենթադրյալ սեռական հանցագործություններին։

Քննադատները նշում են, որ տուժողները ստիպված են մասնակցել ԱՄՆ ռազմական դատավարություններին, որոնց կանոնները տարբերվում են բրիտանական արդարադատության համակարգի կանոններից։