Իրանի բանակն ուշադիր հետևում է տարածաշրջանում ամերիկյան զինված ուժերի գործողություններին և պատրաստվում է հակամարտության հնարավոր սրմանը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Մոհամադ Աքրամինիան՝ Վաշինգտոնին նախազգուշացնելով նոր ռազմական գործողության հետևանքների մասին։

«Եթե դիմեք արկածախնդրության, մենք կընդլայնենք պատերազմի աշխարհագրությունը», — գրել է Աքրամինիան X սոցիալական ցանցում։

Նրա խոսքով, եթե ԱՄՆ նախագահը, Իսրայելի սպառնալիքների և խոստումների ազդեցության տակ, որոշի տարածաշրջանում նոր ռազմական գործողություն սկսել, հակամարտությունը կարող է տարածվել ներկայիս առճակատման գոտու սահմաններից շատ հեռու։

«Պատերազմի բոցն, անկասկած, կընդգրկի շատ ավելի ընդարձակ տարածք, և այս պատերազմի ավարտն այլևս կախված չի լինի Վաշինգտոնից», — ընդգծել է Իրանի բանակի ներկայացուցիչը։

Աքրամինիան նաև հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը չեն վստահում հակառակորդի գործողություններին և շարունակում են բարձրացնել մարտական պատրաստվածությունը։

Նա ԱՄՆ նախագահին մեղադրել է դիվանագիտական պայմանավորվածություններից բազմիցս հրաժարվելու մեջ և ընդգծել, որ Իրանի բանակը պատրաստվում է իրադարձությունների հնարավոր զարգացմանը՝ հույս չդնելով ամերիկյան կողմի հայտարարությունների վրա։