Ուկրաինայի Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված՝ 2,1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ 500 PAC-3 MSE կալանիչ հրթիռների մատակարարումները սպասվում են 2030 թվականից հետո ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել է Վաշինգտոնում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Աղբյուրների տվյալներով՝ խոսքը նոր արտադրվելիք հրթիռների մասին է, ուստի գործարքի հաստատումը չի օգնի արագ լրացնել կալանիչ հրթիռների պակասը, որն Ուկրաինան հատկապես զգում է ձմռանն ընդառաջ։

Միաժամանակ հրթիռների համատեղ արտադրության հարցում ևս բեկում չի արձանագրվել։ Ուկրաինային Patriot-ի կալանիչ հրթիռներն ինքնուրույն արտադրելու արտոնագիր տրամադրելու հնարավորության մասին հարցին Պենտագոնը պատասխանել է, որ հարցը լրացուցիչ քննարկման կարիք ունի։

Ինչպես նշում է Ռաուֆօղլուն, երկարաժամկետ գնման մասին հայտարարությունը կարող է ուշադրությունը շեղել ավելի հրատապ խնդրից՝ արդեն առկա հրթիռների մատակարարումից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը գրեթե մեկ ամիս սպասում է ԱՄՆ-ի թույլտվությանը՝ խիստ կարևոր սպառազինության, այդ թվում՝ PURL մեխանիզմի միջոցով դաշնակիցների կողմից ֆինանսավորվող հրթիռների փոխանցման համար։