Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել օգտատերերին թվային տվյալներ փոխանցելու համար հարկ սահմանելու մասին փոփոխությանը։ Սոցիալիստ Լորան Լարդիտի նախաձեռնության համաձայն՝ թվային հարթակները և տվյալների այլ մատակարարները պետք է վճարեն 5,5 եվրոցենտ՝ մասնավոր օգտատերերին փոխանցված յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց։ Փոփոխությունն ընդունվել է հոկտեմբերի 30-ին՝ հակառակ կառավարության դիրքորոշմանը, ընդամենը մեկ ձայնի առավելությամբ՝ 11 կողմ և 10 դեմ, հայտնել է Le Figaro-ն։

Փոխանցվող տվյալների ծավալը նախատեսվում է որոշել ինտերնետ մատակարարների, այդ թվում՝ Orange-ի, SFR-ի, Bouygues Telecom-ի և Free-ի օգնությամբ։ Նախաձեռնության հեղինակների մտահղացմամբ՝ հարկն առաջին հերթին վերաբերելու է խոշորագույն թվային ընկերություններին, այդ թվում՝ Netflix-ին, Google-ին, Meta-ին և Amazon-ին, որոնց բաժին է ընկնում Ֆրանսիայի ինտերնետ թրաֆիկի զգալի մասը։

Սոցիալիստներն ակնկալում են, որ նոր միջոցը կկարողանա բյուջե ապահովել տարեկան մինչև 10 մլրդ եվրոյի մուտքեր։ Հեռահաղորդակցության ոլորտի ֆրանսիական Arcep կարգավորողի տվյալներով, որոնց հղում են կատարում փոփոխության հեղինակները, բաժանորդներին փոխանցվող տվյալների տարեկան ծավալը գնահատվում է մոտ 200 մլրդ գիգաբայթ։

Նախաձեռնության կողմնակիցները պնդում են, որ հարկը թույլ կտա ավելի արդար բաշխել հարկային բեռը թվային տնտեսության մասնակիցների միջև և, միաժամանակ, ընկերություններին կխրախուսի կրճատել փոխանցվող տվյալների ծավալը։ Նրանց կարծիքով՝ դա կօգնի նվազեցնել տվյալների մշակման կենտրոնների էներգասպառումը և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունը։

Սակայն կառավարությունը դեմ է արտահայտվել առաջարկին։ Պետական հաշիվների նախարար Դավիդ Ամիելը զգուշացրել է, որ ծախսերի մի մասը կարող է ընկնել ոչ թե խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների, այլ կոնտենտի փոքր մատակարարների, այդ թվում՝ ֆրանսիական ընկերությունների վրա։ Բացի այդ, հարթակները կարող են լրացուցիչ ծախսերը փոխանցել գովազդատուներին կամ այլ գործընկերների։

Փոփոխությունն ավելի վաղ մերժվել էր խորհրդարանի ֆինանսական հանձնաժողովում։ Լիագումար նիստում դրա ընդունումը նույնպես չի երաշխավորում հարկի սահմանումը. քվեարկությունն անցկացվել է պատգամավորների ցածր մասնակցությամբ, և կառավարությունը կարող է պահանջել կրկնակի քննարկում։ Այնուհետև նախաձեռնությանը պետք է հավանություն տա Սենատը, որտեղ գերակշռում են աջ ուժերը։ Գործադիր իշխանության համար մեկ այլ տարբերակ է Սահմանադրության 49.3-րդ հոդվածի կիրառումը, որը թույլ է տալիս սահմանված ընթացակարգի պահպանմամբ օրինագիծն ընդունել առանց Ազգային ժողովում վերջնական քվեարկության։