«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ես, ավագանու բոլոր թեկնածուները եւ կուսակցությունն իր ողջ ներուժով լավագույնս պատրաստվում ենք այս ընտրություններին եւ գնում ենք հաղթելու: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում է գրել է ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Մայիսի 5-ին տեղի կունենան Երեւանի ավագանու ընտրությունները: Ես գլխավորելու եմ ԲՀԿ ցուցակը: Ասեմ, որ կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը, ես, ավագանու բոլոր թեկնածուները եւ կուսակցությունն իր ողջ ներուժով լավագույնս պատրաստվում ենք այս ընտրություններին եւ գնում ենք հաղթելու: Այս ընտրությունները խիստ կարեւոր են: Ֆորմալ իմաստով՝ այո, սա քաղաքային ընտրություններ են, բայց ըստ էության՝ համապետական՝ հաշվի առնելով Երեւանի կշիռը հանրապետությունում: Երեւանն իր ներուժով եւ կարողություններով պետություն է պետության մեջ: Ես կուզենայի, որ մեր հասարակությունը նույնպես լրջագույնս վերաբերեր այս ընտրություններին եւ այն անպայմանորեն դիտարկեր եւ՛ քաղաքական, եւ՛ քաղաքային հարթություններում:

Սա քաղաքական ընտրություն է․ Նախ, որովհետեւ քաղաքապետի պաշտոնում ոչ իշխանական կուսակցությունից քաղաքապետ ընտրվելու դեպքում այդ անձը փաստացի դառնում է հանրապետության երկրորդ կարեւորագույն դերակատարը:

Երկրորդ, որովհետեւ ԲՀԿ-ի կողմից առանձին կամ քաղաքական այլ ուժերի հետ միասին քաղաքային իշխանությունը վերցնելու դեպքում քաղաքական համակարգում առաջին անգամ լրջագույն հակակշիռ կստեղծվի իշխող կուսակցությանը, որից մինաշանակորեն կշահի երկիրը, ժողովրդավարությունը եւ քաղաքացին:

Երրորդ, որովհետեւ այս ընտրությունները տեղի են ունենալու այն պահին, երբ թերեւս նախագահական ընտրությունների արդյունքում առաջացած ճգնաժամը հանգուցալուծված չի լինելու, ուստի ժողովրդի բողոքի կանչը եւ պահանջատիրությունը կարող են իրենց արտահայտությունը գտնել նաեւ այս ընտրությունների ընթացքում:

Վերջապես, որովհետեւ այս ընտրությունների ընթացքում ոչ իշխանական ուժերի համագործակցությունը եւ միասնական հաղթանակը առավել լայն հնարավորություն կստեղծեն այդ համագործակցությունը տեղափոխելու Ազգային ժողով՝ այնտեղ ձեւավորվող համապետական օրակարգի իրականացման շուրջ:

Ինչ վերաբերում է ընտրությունների քաղաքային բնույթին, ապա քաղաքի վիճակը մոտավորապես այն է, ինչ ընդհանուր հանրապետությանը: Կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, բացթողումներ, չարաշահումներ, ոչ թափանցիկ գործարքներ եւ ընթացակարգեր, որոնք բացասական էական ազդեցություն ունեն Երեւանի բնակիչների վրա:

Նախքան այդ խնդիրների մասին խոսելը՝ կուզենայի ընդհանրական մի դիտարկում անել քաղաքի մասին. Երեւանի նկատմամբ կարծեք գյուղապետական մոտեցում կա: Դա արտահայտվում է ամեն ինչում՝ հրապարակային միջոցառումներում, շինարարության որակում եւ քաղաքի զարդարանքներում: Երեւանի նկատմամբ մեր փիլիսոփայական մոտեցումը պետք է փոխենք եւ քաղաքին վերաբերվենք որպես ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ համայն հայության մայրաքաղաքի եւ օտարազգի այցելուների համակրելի վայրի: Նման փիլիսոփայությամբ մենք էապես նպաստած կլինենք ոչ միայն քաղաքի տեսքի եւ որակի փոփոխությանը, այլ նաեւ բնակչության նույնիսկ ամենատարրական առօրյային վերաբերող խնդիրների արդյունավետ լուծմանը:

Քաղաքի խնդիրները ես դիտարկում եմ չորս հարթություններում.

Առաջինը Երեւանի բնակիչների առօրյային վերաբերող հարցերն են՝ ջրամատակարարում, աղբահանություն, տրանսպորտ, կրթություն, առողջապահություն, հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հնարավորությունների ստեղծում, կանաչ գոտիներ, ապահով շենքեր եւ վերելակներ եւ այլն: Այս բոլոր ոլորտներում էլ լրջագույն խնդիրներ կան, եւ հաճախ ոչ միայն առաջընթաց չկա, այլեւ նույնիսկ վատթարացում կա: Սակայն խնդիրն այն է, որ ճիշտ եւ արդյունավետ կառավարման դեպքում բոլոր խնդիրները լուծելի են:

Երկրորդը քաղաքի ճարտարապետական տեսքն է: Այստեղ միանշանակորեն մենք հետընթաց ունենք: Ապօրինի շինարարություն, շենքերի կտուրների անճաշակ եւ վտանգավոր ավելացումներ ու կցակառույցներ, ազգայինին անհարիր ճարտարապետական կառույցներ եւ այլն: Քաղաքապետի առաջին խնդիրը պետք է լինի նախ կասեցնել Երեւանի դիմագծի աղճատումն ու աղավաղումը եւ հետո լրջորեն մտածել վերականգնելու այն, ինչ այս տարիների ընթացքում կորցրել ենք:

Երրորդը քաղապետարանում եւ թաղապետարաններում բյուրոկրատական քաշքշուկներն են: Այստեղ քաղաքացիների շփումը քաղաքային իշխանությունների հետ պետք է հնարավորինս հեշտացնել, դարձնել թափանցիկ, կրճատել թույլտվություններ ստանալու ընթացակարգերը եւ այլն:

Վերջապես, Երեւան քաղաքում փոխել գործարար մթնոլորտը, բոլոր բիզնեսների համար հավասար պայմաններ ստեղծել մասնակցելու եւ շահելու քաղաքապետարանի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: Նոր մթնոլորտում մեծացնել քաղաքի ֆինանսական եկամուտների հնարավորությունները եւ խնդիր դնել Երեւանը դարձնել ֆինանսապես լիովին ինքնաբավ:

Այս ամենը հնարավոր կլինի միայն ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ: Սա իսկապես հերթական հնարավորություն է երկրում իրավիճակ փոխելու համար: Պատահական չէ, որ «Բարգավաճ Հայաստանն» իր ընտրարշավի երկու կարգախոս է ընտրել՝ «Փոխելու ենք» եւ «Սկսենք Երեւանից»,- գրել է Օսկանյանը: