Պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին տեղի ունեցած արտակարգ միջադեպի մասին։

Նրանց փոխանցմամբ՝ ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Դ.Խաչատրյանը ձերբակալվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեր տեղեկություններով՝ Դավիթ Խաչատրյանը վիճաբանել  է Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ կրակել է վերջինիս վրա։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: «Առավոտի» փոխանցմամբ, ժամկետային զինծառայողներից մեկը զորամասի ծխարանում կրակ է բացել: Դրա հետեւանքով ժամկետային զինծառայող, Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Լյուքս Ստեփանյանը զոհվել է:

Այդ կրակոցներից ծանր վիրավորվել է ժամկետային զինծառայող, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Հրաչյա Սարգսյանը: Վերջինս ժամը 16-ի սահմաններում գլխի հրազենային վնասվածքով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ ժամը 20-ին՝ Երեւանի զինվորական հոսպիտալ: