Ղրղըզստանի իրավապահները կալանավորել են ցուցարարներին, որոնք նախօրեին գրավել էին «Տամգա» հենակետը եւ հոսանքազրկել ոսկու խոշորագույն «Կումտոր»  հանքը: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է հանրապետության ՆԳՆ ներկայացուցիչը: Ցուցարարներին ցրելուց հետո էներգետիկները ամբողջությամբ վերականգնել են էներգամատակարարումը:

Զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մայիսի 30-ին ցուցարարները գրավել էին  «Տամգա» հենակետը  եւ հոսանքազրկել երկրի ոսկու խոշորագույն «Կումտոր»  հանքը, որը տեղակայված է Իսսիկ-Կուլի շրջանում, եւ մի քանի շրջակա գյուղեր: Բողոքի ցույցին 200 մարդ էր մասնակցել (այլ տվյալներով՝ 500):

Բողոքողները պահանջում էին չեղյալ հայտարարել կանադական Centerra Gold Inc. ընկերության հետ կնքած պայմանագիրը, ավելացնել տեղի բնակչության սոցիալական նպաստները եւ շրջանային հիվանդանոցի նոր շենք կառուցել:

Ղրղըզստանի վարչապետ Ժանտարո Սաթիբալդիեւը մայիսի 30-ի ուշ երեկոյան արտակարգ խորհրդակցություն էր հրավիրել, քննարկվել էր իրավիճակի կայունացման հարցը:

«Կումտոր» հանքը երկրի հանքարդյունահանման  ոլորտի խոշորագույն ձեռնարկությունն է: 2009թ.-ից այն կառավարում է կանադական Centerra Gold Inc. ընկերությունը: