Այսօր կլրանա 3 -րդ օրը, ինչ Երեւանի Ավան վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Տարոն Հայրունին լքել է զորամասը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ վերջինս ծառայում էր Լուսակերտում տեղակայված զորամասում, օրեր առաջ առանց որեւէ մեկին որեւէ բան տեղեկացնելու, դուրս է եկել զորամասից  եւ գնացել: Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ զինծառայողի հետ կապված որեւէ միջադեպ, խնդիր չի եղել զորամասում:

Մեր տեղեկություններով` ռազմական ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Երեք օրից ավելի զորամասը ինքնակամ լքելու դեպքում հարուցվում է քրեական գործ, հայտարարվում է հետախուզում:

NEWS.am-ը զրուցեց նաեւ Տարոն Հայրունիի հարազատների հետ: Նրանք մեզ հայտնեցին, որ նրա զորամասի ընկերներից են իմացել անհետանալու մասին: Վերջինս չորեքշաբթի օրը գիշերը լքել է զորամասը: Նրանք վստահեցրին, որ մեկ տարվա ծառայության ընթացքում զինծառայողը որեւէ խնդիր չի ունեցել, գոհ է եղել ծառայությունից, որեւէ միջադեպ չի եղել, լավ հարաբերություններ է ունեցել զինծառայողների, հրամանատարության հետ. «Ինքը օրինավոր զինծառայող էր: Բոլորը զարմացած են, թե ինչ է պատահել իրեն, որ թողել է զորամասը»,- ասացին նրա եղբոր ընկերները:

Նա տեղեկացրեց, որ Տարոնին վերջին անգամ հունիսի 27-ին տեսել են տաքսի ծառայության մեքենաների վարորդները, նրա մոտ հեռախոս չի եղել, վարորդների հեռախոսով զանգահարել է ծառայակից ընկերներին եւ հայտնել, թե «եկեք ինձ տարեք զորամաս»: Իսկ ընկերները ասել են, թե իրենք հեռու են, չեն կարող գտնել, Տարոն Հայրունին էլ ասել է, թե «լավ, ես կգամ»: Այդ ժամանակ նա գտնվել է Կենտրոն վարչական շրջանում: Ընտանիքում նա կրտսերն է, երկու եղբայր են եւ մեկ քույր: Մինչեւ բանակ գնալը նա ավարտել էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհետացել  է  Երեւանի Ավան վարչական շրջանի բնակիչ, ժամկետային զինծառայող 21-ամյա Տարոն Հայրունին: Վերջին անգամ նրան տեսել են հունիսի 27-ին, առավոտյան 8.30-ի  սահմաններում, Երեւանի Մարաշ թաղամասում: Արտաքին տվյալները՝ հասակը 170  սմ: Սանրվածքը  կարճ: Աչքերը  կապույտ: Հագին եղել  է մուգ  վերնաշապիկ: