Վրաստանում նախագահական ընտրությունները կկայանան ոչ թե հոկտեմբերի 27-ին, այլ 31-ին: Սխալմունքը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, ասվում է հայտարարությունում, որը տեղադրվել է վրացական պետության ղեկավարի վարչակազմի կայքում:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ հոկտեմբերի 27-ին:
«Նախագահի վարչակազմի ղեկավարը նախագահական ընտրությունների ժամկետի կապակցությամբ ճեպազրույց է անցկացրել: Նա ներողություն է խնդրել տեղի ունեցած թյուրիմացության համար եւ բացատրել, որ այն կապված է եղել տեխնիկական սխալի հետ: Նրա խոսքով` ԿԸՀ-ին արդեն ուղղվել է համապատասխան իրավական ակտ»,-ասվում է հայտարարությունում, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
Վրաստանի ԸՕ-ի համաձայն` հուլիսի 1-ից` նախագահական ընտրությունների օրը սահմանելուց հետո, երկրում պաշտոնապես նախընտրական քարոզարշավ է մեկնարկում:
Թեկնածուների գրանցումը կավարտվի ընտրությունների օրվանից 50 օր առաջ: Առայժմ հայտնի են միայն մի քանի թեկնածուների անուններ:
Ըստ օրենքի, ԿԸՀ-ն գրանցումն ավարտում է ընտրություններից առաջ 30 օրվանից ոչ ուշ:





























