Ռուսաստանի Օմսկի շրջանում 300-ից ավելի մարդ որոնում են նախորդ գիշեր Օմսկի մայրուղուն հարակից անտառից գտնված կնոջ մեկուկես տարեկան երեխային: Կինը պառկած էր փոսի մեջ եւ արյունահոսում էր՝ դանակով հասցված վնասվածքների պատճառով:
Ոստիկանները ճշտել են Օմսկի բնակչուհու ինքնությունը: Նա 27 տարեկան է, ունի երկու երեխա, ապրում է քաղաքացիական ամուսնու հետ: Հունիսի 30-ին մայրը դստերը մանկասայլակով զբոսանքի է տարել՝ կենակցին ասելով, որ գնում է քրոջ տուն:
Երբ կնոջը փոսից հանել են, նա գրեթե ուշագնաց վիճակում է եղել եւ ի վիճակի չի եղել պատմել տեղի ունեցածը: Նրան հիվանդանոց են տեղափոխել, գրում է ՆՏՎ-ն:
NEWSru.com-ը հայտնում է, որ տուժածը երեկոյան հյուր է գնացել ծանոթի տուն, գիշերը, երեխային վերցնելով, հեռացել է անհայտ ուղղությամբ: Հետագա դեպքերը մշուշապատ են: Որոշ ժամանակ անց երիտասարդ կնոջը գտել են 6Х10 չափի փոսում՝ արդեն Օմսկի սահմանից դուրս: Դատելով ամեն ինչից՝ նրան ցանկացել են սպանել:
Իրավապահները նաեւ արյունոտ «փամփերս» են գտել, ինչից եզրակացրել են, որ երեխան սպանված է:
Այժմ ոստիկանությունը եւ կամավորները փնտրում են երեխային, որոնումներին նաեւ անօդաչու թռչող սարք է ներգրավված:





























