Օմսկում 1,5 տարեկան աղջկա սպանության եւ նրա մոր սպանության փորձի գործով տաքսու 25-ամյա վարորդ է ձերբակալվել: Նա խոստովանել է, որ խեղդել է երեխային: Այժմ ուժայինները շարունակում են փնտրել երեխայի դիակը:
Ռուսաստանի Օմսկի մարզի ՔԿ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կասկածյալը ձերբակալվել էր նախօրեի երեկոյան: Նա նախկինում գողության համար դատված Օմսկի 25-ամյա բնակիչ է որը 2013թ. մարտին ազատվելուց հետո տաքսու վարորդ էր աշխատում:
Հարցաքննության ժամանակ կասկածյալը մանրամասն ցուցմունքներ է տվել՝ բացատրելով, որ վեճի ընթացքում ուղեւորուհուն դանակի մի քանի հարված է հասցրել, հետո, քաղաքից դուրս գալով, մեքենայից շպրտել դուրս։ Այնուհետեւ խեղդել էր վերջինիս մանկահասակ աղջկան, իսկ մարմինը թաքցրել անտառում, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Օմսկի մարզում աղբակույտի մեջ 26-ամյա մերկ կին էր հայտնաբերվել` դանակի վնասվածքներով: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր վերակենդանացման բաժին: Անհետացել էր տուժածի 1,5 տարեկան աղջիկը, որը նախօրեին եղել էր մոր հետ: Մայրը չգիտեր, թե որտեղ է գտնվում դուստրը: Նախօրեին կինը գտնվել էր իր ծանոթ երիտասարդների տանը, որոնց մոտից էլ առավոտյան աղջկա հետ տուն էր ուղեւորվել:





























