Երեւան-Սեւան ավտոճանապարին՝ Ավազի հանքի մոտակայքում, օգոստոսի 19-ին 267 համարի երթուղայինի կողաշրջվելու հետեւանքով հիվանդանոց տեղափոխված տուժածներից մեկը մահացել է:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը  NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ օգոստոսի 22-ին հիվանդանոցում մահացել է 53-ամյա Լուսյա Մակեդոնի Բաղդասարյանը: Նրա վիճակը ծանր էր, ուներ կողերի կոտրվածք, պատռվել էր փայծաղը, միացված էր արհեստական շնչառության ապարատին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 19-ին`  երեկոյան, Կոտայքի մարզում խոշոր վթար է տեղի ունեցել։  Ford Transit մարդատար մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակած երթեւեկելի գոտի ու կողաշրջվել: Վթարի հետեւանքով մահացել էր 3  հոգի, վիրավորվել 13-ը;

Մահացածներից երկու ամուսիններ են: Մեքենայում եղել է  5 ընտանիք, այդ թվում` 5 երեխա: Վիրավոր անձինք գտնվում են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցներում, ինչպես նաեւ Աբովյանի հիվանդանոցում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: