Դավթաշեն եւ Արաբկիր շրջաններում բնակարաններ գնած քաղաքացիներն ընդդեմ «Տոնուս» ՍՊԸ-ի գործով դատաքննությունը սկսվել է, սակայն դատական նիստերն անընդհատ հետաձգվում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասցա «Տոնուս« ՍՊԸ-ի կողմից «գցված» քաղաքացիներից մեկը` Փափազյան փողոցում կառուցվող շենքից բնակարան գնած երգիչ Արթուր Իսպիրյանը:
Նա նշեց, որ արդեն 2-3-րդ անգամ հետաձգվում է նիստը, քանի որ պատասխանող կողմը` «Տոնուս» ՍՊԸ-ն հայտարարում է, թե պատրաստ չէ նիստին: Հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի սկզբին: Քաղաքացիների գնած բնակարանները շարունակում է հսկել «Արցախ բանկը», նրանք չեն կարող գնալ եւ այնտեղ ապրել, քանի որ շինարարական աշխատանքները դեռեւս ավարտին չեն հասցվել, «կոմունիկացիանները» միացված չեն:
Արթուր Իսպիրյանն ասաց, որ իրենց Ֆինանսների նախարարությունից հայտնել են, թե այդ պրոցեսը կտեւի երեք ամիս, սակայն իրենք ոչինչ չգիտեն: «Անհասկանալի ժամկետներ են, բնակիչները շատ-շատ բարկացած են, պատրաստվում են համախմբվել եւ մեծ բողոքի ակցիա անել կամ մինչեւ դատական նիստը կամ դրանից հետո: Բնականաբար, ես էլ եմ մասնակցելու, էդքան գումար գետնից չեմ գտել, որ ասեմ, դե լավ, ջհաննամ, թող կորի, տարիներով հավաքել ենք, աշխատել ենք, քրտինք ենք թափել, իսկ ինչ-որ մեկը չպետք է ուտի ու վայելի էդ բնակարանները մեր տված գումարով»,- ասաց երգահանը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշն»-ը սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են խաբված:





























