Օգոստոսի 25-ին, գիշերը Հաղթանակ զբոսայգու մոտ Կանադայի եւ Հայաստանի երկքաղաքացի Միքայել Տոնոյանին ծեծի ենթարկած անձանց ինքնությունը հայտնի է: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ գործը բացահայտված է: Մեր տեղեկությունը հաստատել են նաեւ ոստիկանությունից ու հայտնել որոշ մանրամասներ:

Պարզվում է՝ Տոնոյանին ծեծի ենթարկելու մեջ կասկածվում են Ա. Թումանյանը, Վ.Վարդանյանը, Վ. Ոսկանյանը, որոնք իրենց նախնական բացատրություններով պնդել են, որ ծեծի են ենթարկել ոչ թե որպես ակտիվիստի, այլ պարզապես վեճի են բռնվել քաղաքացու հետ: Այդ անձինք ոստիկանությունում դեպքը ներկայացրել են այսպես, թե իբրեւ իրենք հարցրել են «Ապե, քաղաքապետարանի դիմացու այգո՞ւց ես», ինչից վիրավորված Տոնոյանը իբր հայհոյել է, որից էլ ծագել է վիճաբանությունը:

Հիշեցնենք, որ Տոնոյանը ոստիկանություն հաղորդում էր տվել , ըստ որի օգոստոսի 25-ին ժամը 22:00-ի սահմաններում Հաղթանակ կամրջի ձախ հատվածում իրեն են մոտեցել երեք երիտասարդ: Նրանք սպառնացել են իրեն, մեղադրել իրենց հայրերի համար խնդիրներ ստեղծելու մեջ ու հարցրել, թե արդյոք հանդիսանո՞ւմ է քաղաքացիական ակտիվիստ, թե՞ ոչ: Բացասական պատասխան ստանալուց հետո, փորձել են տանել կամրջի աստիճաններից ներքեւ, սակայն դիմադրության հանդիպելով՝ հարվածել են իր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Վերջինս հաղորդում էր տվել Կենտրոնի բաժին, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Տոնոյանը քննության ընթացքում չի ներկայացել ոստիկանություն եւ չի ենթարկվել դատաբժշկական փորձաքննության: Հիշեցնենք, որ հարուցվել էր քրեական գործ` Քր.օր.-ի 118-րդ հոդվածով: Նախաննությունը շարունակվում է: