Իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածները վնասել կամ ոչնչացրել են Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմաբազաներում և ռազմական տեխնիկայի տեղակայման այլ վայրերում գտնվող օբյեկտներ։
Associated Press-ի վերլուծության տվյալներով՝ օգոստոսի դրությամբ հաստատվել էր ավելի քան 115 հարված, որոնց պատասխանատվությունը ստանձնել էին Իրանը կամ նրա հետ կապված զինված խմբավորումները։ ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքին հասցված վնասը կարող է միլիարդավոր դոլարներ կազմել։
AP-ի լրագրողներն ուսումնասիրել են մի քանի մատակարարների արբանյակային լուսանկարները և զրուցել տարածաշրջանի չորս պաշտոնյաների հետ, որոնք ծանոթ էին գրոհների հետևանքներին կամ դրանց մասին անմիջական տեղեկություններ ունեին։ Գործակալության տվյալներով՝ հակամարտության առաջին օրերին Իրանը կենտրոնացել է վաղ նախազգուշացման և հարձակումների հայտնաբերման համակարգերի, ինչպես նաև ինքնաթիռների անգարների վրա։ Այնուհետև թիրախ են դարձել պահեստները, զորանոցները և ամերիկյան ռազմակայանների գործունեության համար անհրաժեշտ այլ օբյեկտներ։
Առավել տուժած օբյեկտների թվում են Քուվեյթի Ալի ալ Սալեմ և Քեմփ Բյուրինգ ավիակայանները։ Առաջինը ենթարկվել է առնվազն 30 հարվածի, որոնց հետևանքով վնասվել կամ ոչնչացվել են առնվազն 15 ավիացիոն անգար, մի քանի պահեստ և բնակելի գոտու մոտ գտնվող 10 շենք։ Քեմփ Բյուրինգում անգարների մեծ մասը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի․ ավերվել է նաև մարզադահլիճը, վնասվել են զինծառայողների համար նախատեսված խանութը, ավտոտնակը և ճաշարանը։
Իրանական հարվածներից տուժել են նաև թանկարժեք ռադիոտեղորոշիչ համակարգեր։ Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիակայանում ոչնչացվել է ռադար, որը, արտադրող Raytheon ընկերության տվյալներով, աշխարհում ԱՄՆ բանակի ունեցած ընդամենը 13 նման համակարգերից մեկն էր։ Բյուջետային փաստաթղթերի համաձայն՝ դրա արժեքը կազմում է մոտ 500 մլն դոլար։ Կատարում ևս մեկ ռադիոտեղորոշիչ համակարգ լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն հայտնի չէ՝ արդյոք այն ոչնչացվել է։
Սաուդյան Արաբիայի արքայազն Սուլթանի անվան ավիաբազայում հարվածից վնասվել են հեռահար ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Boeing E-3 Sentry ինքնաթիռը և այլ օդանավեր, այդ թվում՝ երկու լիցքավորող ինքնաթիռ։ ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության հոկտեմբերին թարմացված զեկույցում նշվում է, որ տարածաշրջանի ռազմակայաններում վնասվել է ամերիկյան 15 ինքնաթիռ։
Հարձակումների հետևանքներն արդեն ազդել են տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության վրա։ Տարածաշրջանի երկու պաշտոնյաների խոսքով՝ Վաշինգտոնը Պարսից ծոցի շրջանից դուրս է բերել տեխնիկայի զգալի մասը՝ ներառյալ ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության և կապի համակարգեր։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հրաժարվել է մեկնաբանել կոնկրետ կորուստները՝ վկայակոչելով օպերատիվ անվտանգության նկատառումները։ Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը AP-ին հայտնել է, որ ամերիկյան ուժերն ու ռազմաբազաները «լավ պաշտպանված են», իսկ ԱՄՆ զինված ուժերն «ավելի հզոր են, քան երբևէ»։
AP-ի վերլուծությունն ընդգրկում է ութամսյա հակամարտության ժամանակահատվածը և ներառում տվյալներ ամերիկյան ռազմաբազաներում միայն ապրիլի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում վնասված կամ ոչնչացված հարյուրավոր շենքերի և շինությունների մասին։ Հարձակումների հետևանքների ստուգումը բարդացրել են արբանյակային լուսանկարների հրապարակման ուշացումները․ որոշ մատակարարներ ամերիկյան իշխանությունների խնդրանքով սահմանափակել են լուսանկարների հասանելիությունը՝ վկայակոչելով ազգային անվտանգության ռիսկերը։ Իրանի դեմ հարվածների հնարավոր վերսկսումը մեծացնում է նոր կորուստների վտանգը և հարց է առաջացնում՝ արդյո՞ք Վաշինգտոնը պատերազմի ավարտից հետո վերականգնելու է վնասված ենթակառուցվածքը։





























