Տիրանայում ուսանողների և Ալբանիայի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների։ Մասնակիցներն ուժայինների ուղղությամբ քարեր, հրկիզող խառնուրդով շշեր և պիրոտեխնիկական նյութեր են նետել, ինչին ի պատասխան իրավապահները ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել, հայտնել է Radio Televizioni Shqiptar-ը։

Ուսանողական բողոքի ակցիան շարունակվում է արդեն 19-րդ օրը։ Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 31-ին, ուսանողները, դասախոսներն ու երիտասարդները հավաքվել են կրթության նախարարության մոտ, մինչդեռ Դեմոկրատական կուսակցությունը կառավարության շենքի մոտ առանձին համազգային հանրահավաք է կազմակերպել՝ ի աջակցություն ուսանողների։ Սակայն վերջիններս հրաժարվել են միավորել երկու ակցիաները։

Օրվա ընթացքում լարվածությունն աճել է. ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր և այլ առարկաներ են նետել, պարսատիկներ ու պիրոտեխնիկա օգտագործել, որոշ մասնակիցներ հրկիզել են աղբամանները։ Ուժայինները ջրցան մեքենաներ են կիրառել՝ ամբոխը ցրելու համար։ Դրանից հետո կառավարության շենքի առջևով անցնող «Ազգի նահատակներ» պողոտան ժամանակավորապես դատարկվել է, սակայն ավելի ուշ ցուցարարների մի մասը վերադարձել է կառավարության շենքի մոտ։

Ոստիկանությունը մասնակիցներին կոչ է արել չարգելափակել երթևեկությունը և հրաժարվել բռնությունից։ Չնայած այս կոչերին՝ բախումները շարունակվել են, իրավիճակը մնացել է լարված։

Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լուչանո Բոչին հայտնել է, որ ընդդիմությունն աջակցում է ուսանողներին և մտադիր չէ ուշադրությունը շեղել նրանց պահանջներից։ Նրա խոսքով՝ ընդհանուր քաղաքական նպատակը վարչապետ Էդի Ռամայի հրաժարականն է և տեխնիկական կամ ժամանակավոր կառավարության ձևավորումը։