ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ամերիկյան ռազմաբազայի տեսքով, կից գրելով՝ «Բարի գալուստ Գրենլանդիա»։
Հրապարակումն արվել է արկտիկական կղզու ապագայի և ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնման շուրջ Վաշինգտոնի ու Կոպենհագենի միջև շարունակվող տարաձայնությունների ֆոնին։
Գրենլանդիան Դանիայի Թագավորության մաս է կազմում, սակայն ունի լայն ինքնավարություն։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին առանցքային նշանակություն ունի ԱՄՆ ազգային անվտանգության համար՝ Արկտիկայում իր ռազմավարական դիրքի շնորհիվ, ինչպես նաև պնդել է դրա նկատմամբ ամերիկյան վերահսկողություն հաստատելու անհրաժեշտությունը։
Վաշինգտոնի դիրքորոշումը խիստ հակազդեցություն է առաջացրել Դանիայում և հենց Գրենլանդիայում։ Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչներն ընդգծել են, որ կղզին չի վաճառվում, և դրա ինքնիշխանությունը պետք է հարգվի։ Գրենլանդիայի շուրջ վեճերը սրել են նաև ԱՄՆ և ՆԱՏՕ-ում նրա եվրոպացի դաշնակիցների հարաբերությունները։
2026 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան պայմանավորվել են կղզում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնման մասին։ Թրամփի հայտարարությամբ՝ համաձայնագիրը պետք է Վաշինգտոնին մշտական հնարավորություններ ընձեռի անվտանգության ոլորտում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար։ Միաժամանակ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ պայմանավորվածությունը չի նշանակում հրաժարում տարածքի նկատմամբ ինքնիշխանությունից։
Թրամփի հետաքրքրությունը Գրենլանդիայով առաջացել է դեռ նրա նախագահության առաջին ժամկետում, իսկ Սպիտակ տուն վերադառնալուց հետո նա կրկին սկսել է ձգտել կղզու նկատմամբ ամերիկյան վերահսկողության հաստատմանը։ 2026 թվականի սկզբին նրա հայտարարություններն ու սպառնալիքները դիվանագիտական ճգնաժամ են առաջացրել. Կոպենհագենը մերժել է տարածքն ԱՄՆ-ին փոխանցելու հնարավորությունը, իսկ եվրոպացի դաշնակիցները մտահոգություն են հայտնել ՆԱՏՕ-ի համար նման քայլի հետևանքների առնչությամբ։
Հետագայում կողմերն անցել են Արկտիկայում անվտանգության շուրջ բանակցությունների, որոնք ավարտվել են ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնման, բայց ոչ Գրենլանդիան Վաշինգտոնի վերահսկողությանը հանձնելու մասին համաձայնագրով։





























