Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում առաջադրված «Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանը չի պատրաստվում շնորհավորել ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Կարապետյանին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: «Ժառանգության» թեկնածուն չի ընդունում ընտրությունների արդյունքները եւ պատրաստվում է դրանք բողոքարկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Հայրապետյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ի թեկնածուի ձայները կեղծ են, իսկ իրենը մաքուր ձայներ են:
Նա շեշտեց, որ իշխող կուսակցությունը օգտագործել է ողջ իշխանական լծակները, ընտրությունից երկու օր առաջ մեծ քանակությամբ ընտրակաշառք են բաժանել՝ շենք առ շենք՝ 5000-6000 դրամ: «Բացի դրանից՝ բոլոր շենքերին քեֆ-ուրախության համար հատկացվել է առանձին փող, խորոված են արել, բակերում հյուրասիրել: Մեկ էլ օգտագործել են Մաքսիմի («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն, մարզպետ Վահե Հակոբյանի հայրը՝ Մաքսիմ Հակոբյան-խմբ) լծակները, այդ գործով անձամբ զբաղվել է Մաքսիմը, ասել է՝ ով չընտրի, կոմբինատում աշխատանքից կհեռացնի»,- ասաց թեկնածուն:
Սամվել Հայրապետյանը շեշտեց, որ ներսում նորմալ ընտրություն է ընթացել, ինչ արել են, արել են դրսում: Նա պատրաստվում է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերահաշվարկի պահանջով, թեեւ մեծ սպասելիքներ չունի: Ընտրակաշառքներ բաժանելու, վարչական ռեսուրս օգտագործելու խնդրով թեկնածուն դիմել է նաեւ Կապանի ոստիկանապետին, սակայն, նրա փոխանցմամբ, ոստիկանությունը անգործության է մատնված: Սամվել Հայրապետյանը շեշտեց, որ իրենց ձեռքի տակ են հայտնվում կեղծիքների մասին փաստեր, իրենք ձեռքները ծալած չեն նստելու, կբողոքարկեն ընտրությունների արդյունքները հնարավոր բոլոր մարմիններում, թեեւ առանձնակի ակնկալիքներ չունեն: «Իշխանությունից ոչ մի սպասելիք չունենք, այսքան ժամանակ ո՞վ է տեսել ընտրությունով որեւէ բան փոխվի, կամ վերահաշվարկով»,- ասաց Սամվել Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուն: Մարզպետի նախկին խորհրդական, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը ստացել է 20 հազար 744 ձայն, իսկ «Ժառանգությունից» առաջադրված Սամվել Հայրապետյանը՝ 3555 ձայն:
Ընտրողների թիվը 50 հազար 370 է, անվավեր քվեաթերթիկները՝ 1037 էին:
Նշենք, որ թիվ 38 ընտրատարածքում մանդատը թափուր էր մնացել Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո: Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում Մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել հինգ թեկնածու: Առաջադրված 5 թեկնածուներից պայքարի մեջ մնացել են երկուսը՝ ՀՀԿ-ից առաջադրված Սյունիքի մարզպետի նախկին խորհրդական, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը եւ «Ժառանգությունից» Սամվել Հայրապետյանը:





























