Վրաստանում ընտրությունների մոնիտորինգի ԵԽԽՎ  պատվիրակության անդամ, ռուսաստանցի  պատգամավոր Վասիլի Լիխաչովին արգելել են մուտք գործել երկիր, քանի որ նախկինում նա այցելել էր Աբխազիա եւ Հարավային Օսիա:  Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողներին հայտնել է պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը: 

Նա պատմել է, որ Վրաստանի կառավարությունը տեղեկացրել էր «Վասիլի Լիխաչովի` Վրաստան մուտք գործելու անհնարինության» մասին:

Ըստ Պուշկովի` ԵԽԽՎ-ի ռուսական պատվիրակությունը հույս ունի, որ նոյեմբերին Վիեննայում ԵԽԽՎ-ի մշտական հանձնաժողովի նիստում  Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ վճիռ կկայացվի:   Ըստ նրա` պատժամիջոցների տակ ենթադրվում է Վրաստանում ԵԽԽՎ միջոցառումներ անցկացնելու անհնարինություն` երկու տարվա ընթացքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ ըստ վրացական «Օկուպացված տարածքների մասին» օրենքի, առանց Թբիլիսիի թույլտվության Աբխազիա եւ Հարավային Օսիա այցելելը համարվում է օրենքի խախտում: