Ռուսաստանը լիտվական կաթնամթերքի ներկրումը կկրճատի հոկտեմբերի 7-ից: Այս մասին հայտարարել է «Ռոսպետրեբնադզոր»-ի ղեկավար Գենադի Օնիշչենկոն՝ նշելով, որ կազմակերպությունը լուրջ դժգոհություններ ունի կաթնամթերքի, առաջին հերթին՝ կաթի փոշու որակից:
Սահմանափակումը կվերաբերի նաեւ «Պենո Ժվայգժդես» արտադրողի «Սվալյա» պանրին, որում «Ռոսպետրեբնադզոր»-ը վնասակար նյութեր է մատնանշում, որոնք «մոլորեցնում են գնորդներին»:
Օնիշչենկոն չի բացառել, որ հաջորդ շաբաթ սահմանին կկանգնեցնեն լիտվական ողջ կաթնամթերքը, հայտնում է rbc-ն:
Սա լիտվական կաթնամթերքի ներկրումը սահմանափակելու արդեն երկրորդ դեպքն է: 2009-ին այդ միջոցառումները ձեռնարկվել էին կաթում հակաբիոտիկներ հայտնաբերելուց հետո: Ռուսաստանը լիտվական կաթնամթերքի հիմնական սպառողն է, արտադրանքի արտահանման 85%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին:
Ավելի վաղ Լիտվան ռուսական կողմին մեղադրել էր ԵՄ-ի հետ համագործակցության պատճառով «առեւտրային պատերազմ» հայտարարելու համար:





























