Հարավ-կովկասյան երկաթուղու հատուկ նշանակության ինքնագնացի արգելակների խափանման պատճառով 24-ամյա Արթուր Թամազյանի վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից:

Նրանց փոխանցմամբ՝ երիտասադր մեքենավարի վիճակը շարունակում է մնալ ծանյր, որեւէ առաջընթաց չկա, նա միացված է արհեստական շնչառության ապարատին: 

Հիշեցնենք, որ  Հարավ-կովկասյան երկաթուղու հատուկ նշանակության ինքնագնացի մեքենավար 24-ամյա Արթուր Թամազյանը ընթացքի ժամանակ իրեն դուրս էր նետել: Երիտասարդը բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ամենայն հավանականությամբ, երիտասարդին այդ քայլին դրդել էր մեքենայի անսարքությունը. ինչ-որ պահի նա զգացել էր, որ արգելակները չեն գործում:

Արթուր Թամազյանին «Արմավիրի» բ/կ-ից տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց, նրա վիճակը ծանր է: «Թե ինչու է այդպես եղել եւ ում պատճառով, ցույց կտա քննությունը: Բացի Արթուր Թամազայանից՝  եղել են եւս չորս հոգի, որոնք մնացել են գնացքի մեջ, փորձել են կանխել, իրենց ոչինչ չի եղել: Միջադեպը եղել է թեք տարածության վրա, իսկ երբ մեքենան դուրս է եկել հարթավայր, ինքնուրույն կանգնել է: Եթե մեքենավարը դուրս չնետվեր գնացքից, կարող էր վնասվածքներ չստանալ»,- ասել է «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Վահե Դավթյանը՝  հավելելով, որ վթարի ենթարկված մեքենան հատուկ տեխնիկա է, որը զբաղվում է երկաթուղային գծերի վերանորոգմամբ: