Կանադայում գիտնականները սողանքների նոր տեսակ են հայտնաբերել, որոնց ժամանակ հավերժական սառածությունը պոկվում է հիմքից և հսկայական ամբողջական բեկորներով սահում լանջերով ներքև։
Հետազոտողները կարծում են, որ նման երևույթները կարող են ավելի հաճախակի դառնալ գլոբալ տաքացման և անտառային հրդեհների պատճառով։
2017 թվականին Կանադայի Հյուսիսարևմտյան տարածքներում՝ Ջոնսոն գետի հովտում, սողանքը տեղանքում մոտ երեք կիլոմետր երկարությամբ հետք է թողել՝ ներքև տանելով բնակելի տների չափ սառած գրունտի բեկորներ։ Մեկ տարի անց նմանատիպ դեպք է տեղի ունեցել Ռեդսթոուն գետի հովտում․ դրա հետևանքով տեղաշարժվել է մոտ 4,5 միլիոն խորանարդ մետր բեկորային նյութ։ Երկու սողանքներն էլ փակել են գետերի հուները՝ առաջացնելով նոր լճեր։
Geophysical Research Letters հանդեսում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները նման երևույթներն անվանել են հավերժական սառածության պոկման սողանքներ։ Ըստ նրանց վարկածի՝ ջերմաստիճանի բարձրացումն ու անտառային ուժեղ հրդեհները հանգեցնում են գրունտում ճաքերի առաջացմանը։
Ջուրը դրանց միջով ներթափանցում է խորքը և աստիճանաբար հալեցնում սառածությունը ներքևից։ Երբ ստորին շերտը կորցնում է կայունությունը, գրունտի հսկայական շերտերը կարող են հանկարծակի պոկվել և սահել լանջով ներքև։
1995 թվականին այն տարածքներում, որտեղ հետագայում տեղի են ունեցել երկու սողանքները, անտառային ուժեղ հրդեհներ են մոլեգնել։ Գիտնականները ենթադրում են, որ ջրից կարող էր մոտ 20 տարի պահանջվել՝ ճաքերի միջով սառածության հիմքին հասնելու համար, ինչն էլ բացատրում է հրդեհների և փլուզումների միջև ժամանակային ընդմիջումը։
Հետազոտողները Մաքենզի գետի հովտում հարյուրավոր հնարավոր նմանատիպ տեղամասեր են հայտնաբերել։ Նրանց կանխատեսումներով՝ հետագա տաքացումը և ավելի լայնածավալ, ինտենսիվ ու երկարատև հրդեհները կարող են հանգեցնել Կանադայում և Ալյասկայում նման սողանքների հաճախացմանը։





























