Մոտ 30 հազար տարի առաջ Եվրոպայում ապրած մարդկանց մնացորդների գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ մայրցամաքի բնակչությունն ավելի սերտորեն էր կապված, քան ենթադրում էին հետազոտողները։ Գիտնականները հաջորդականացրել են ուշ քարի դարի երեք ներկայացուցիչների գենոմները և Արևելյան ու Արևմտյան Եվրոպայի միջև գեների փոխանակման վկայություններ հայտնաբերել։

Հետազոտության արդյունքները վկայում են, որ ներկայիս Ֆրանսիայի հարավ-արևմուտքը վերջին սառցադաշտային ժամանակաշրջանում կարող էր կարևոր դեր խաղալ մշակութային և միգրացիոն կապերում։

Նեանդերթալցիների անհետացումից կարճ ժամանակ անց Եվրոպայում տարածվեց գրավետյան մշակույթը։ Այն գոյություն է ունեցել մոտ 34 հազարից մինչև 25 հազար տարի առաջ։ Այդ ժամանակաշրջանին են պատկանում բազմաթիվ հնագիտական գտածոներ, դրանց թվում՝ արվեստի շարժական գործեր և այսպես կոչված պալեոլիթյան Վեներաներ՝ կանացի մարմիններ պատկերող արձանիկներ։

Սակայն այդ հնագույն մարդկանց մասին գենետիկական տեղեկությունները մինչ այժմ սահմանափակ էին․ հետազոտողներին հաջողվել էր հնագույն ԴՆԹ ստանալ գրավետյան ժամանակաշրջանի ընդամենը մոտ երկու տասնյակ կմախքներից։

Նախկինում ուսումնասիրված սակավաթիվ գենոմների հիման վրա գիտնականները ենթադրում էին, որ Արևմտյան և Արևելյան Եվրոպայի բնակչության խմբերը գենետիկորեն զգալիորեն մեկուսացված էին միմյանցից։

Նոր հետազոտության շրջանակում, որի արդյունքները հրապարակվել են Science Advances գիտական հանդեսում, գիտնականները վերլուծել են գրավետյան ժամանակաշրջանում ներկայիս Իսպանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի տարածքներում ապրած երեք մարդու գենոմները։

Արդյունքները ցույց են տվել, որ նրանցից առնվազն մեկն ունեցել է խառը գենետիկական ծագում, ինչը վկայում է Եվրոպայի բնակչության արևելյան և արևմտյան խմբերի միջև շփումների մասին։

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ Արևելյան և Արևմտյան Եվրոպայի բնակչությունը գենետիկորեն այնքան մեկուսացված չէր, որքան նախկինում ենթադրվում էր»,- հայտարարել է հետազոտության առաջին հեղինակ, Վիեննայի համալսարանի էվոլյուցիոն մարդաբան Պեր Գելաբերտը։

Առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացրել մոտ 30 հազար տարի առաջ մահացած մի կնոջ մնացորդները։ Նրա ոսկորները հայտնաբերվել են Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Իստյուրից քարանձավում։ Այդ վայրն օգտագործել են նեանդերթալցիները, իսկ ավելի ուշ՝ մոտ 80 հազարից մինչև 10 հազար տարի առաջ ընկած ժամանակահատվածում, այն պարբերաբար ապաստան է ծառայել մարդկանց համար։

Հետազոտողները պարզել են, որ կնոջ գենոմն ընդհանուր առմամբ առավել մոտ է այն ժամանակվա Արևմտյան Եվրոպայի բնակչության այլ հայտնի ներկայացուցիչների գենոմներին։ Սակայն նրա գենետիկական պրոֆիլում նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խմբերի հետ ազգակցության նշաններ են հայտնաբերվել։

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ գենետիկական գծերի նման խառնուրդը համեմատաբար հազվադեպ երևույթ էր ուշ պալեոլիթի համար։ Այն կարող էր առաջանալ գրավետյան մշակույթի գոյության ընթացքում մարդկանց՝ Արևելյան Եվրոպայից դեպի արևմուտք տեղաշարժի հետևանքով։

Գիտնականները ենթադրյալ գենետիկական փոխանակման այդ դրվագը թվագրել են մոտ 31,5–32,5 հազար տարի առաջ։ Դա նշանակում է, որ Եվրոպայի տարբեր մասերի բնակչության միջև շփումները տեղի են ունեցել վերջին սառցադաշտային ժամանակաշրջանի ավարտից շատ առաջ։

Ստացված տվյալները լրացնում են հնագույն մարդկանց միգրացիաների մասին պատկերացումները և ցույց տալիս, որ եվրոպական տարածաշրջանների միջև մշակութային ու գենետիկական կապերը կարող էին զգալիորեն ավելի բարդ լինել, քան կարելի է եզրակացնել նախկինում ուսումնասիրված հնագիտական գտածոներից և հնագույն գենոմների սահմանափակ հավաքածուից։