ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Ուայթ Սենդս ազգային պարկում հայտնաբերված հնագույն մարդկային ոտնահետքերն գիտնականներին օգնել են վերականգնել ավելի քան 21 հազար տարի առաջ տեղի ունեցած կլիմայական կտրուկ փոփոխությունների պատմությունը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ բազմիցս այցելել են այս վայրն այն ժամանակ, երբ մեծ լիճն աստիճանաբար ցամաքում էր, անտառները նահանջում էին, իսկ լանդշաֆտը վերածվում էր չոր հարթավայրի։
Ոտնահետքերը թողնվել են մոտ 23,5–21,7 հազար տարի առաջ՝ վերջին սառցադաշտային առավելագույնի ժամանակ։ Հետազոտական խումբը, որը նախկինում մշակել էր այդ հետքերի թվագրման եղանակները, ուսումնասիրել է դրանց շուրջ գտնվող նստվածքային ապարների շերտերը։ Արդյունքները հրապարակվել են Science Advances գիտական հանդեսում։
Գիտնականները վերլուծել են 20 երկրաբանական շերտ, որոնք պարունակում են մարդկային ոտնահետքեր, խոշոր կենդանիների թաթերի հետքեր և մարդկանց ներկայության այլ վկայություններ։ Թվագրումը ճշգրտելու համար նրանք օգտագործել են փշատերև ծառերի ծաղկափոշու ռադիոածխածնային վերլուծությունը և ջրային բույսերի սերմերի տարիքի վերաբերյալ տվյալները։
Պարզվել է, որ ուսումնասիրվող ժամանակաշրջանի սկզբում ավազանում եղել է փշատերև անտառներով շրջապատված մեծ Օտերո լիճը։ Ջերմաստիճանը ներկայիս համեմատ մոտ չորս աստիճան ըստ Ցելսիուսի ցածր էր։ Այնուհետև կլիման սկսել է տաքանալ, լիճը՝ փոքրանալ, անտառները՝ նոսրանալ, իսկ դրանց աստիճանաբար փոխարինել են կաղնիներն ու ափսինթի բուսականությունը։ Գոլորշիացման ուժեղացումը տարածաշրջանն ավելի ու ավելի չորային էր դարձնում։
Հատկապես ուժեղ ազդեցություն է ունեցել երաշտը, որը համընկել է կլիմայական կտրուկ փոփոխությունների հետ։ Դրանց հետքերը հայտնաբերվել են անգամ Նյու Մեքսիկոյից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Գրենլանդիայի սառցային հորատանմուշներում։
Ոտնահետքերը վկայում են, որ այդ փոփոխությունների ամբողջ ընթացքում մարդիկ վերադառնում էին լճի մոտ։ Սակայն հետազոտողները զգուշացնում են, որ պահպանված հետքերի քանակը պարտադիր չէ, որ արտացոլի մարդկային գործունեության ուժգնությունը․ հետքերը կարող էին անհետանալ, եթե համապատասխան պայմաններում չէին ծածկվում նստվածքներով։
Համակարգչային մոդելավորումը ցույց է տվել, որ հետքերն ավելի լավ են պահպանվել ջրի մակարդակի տատանումների և կլիմայական փոփոխությունների ժամանակաշրջաններում։ Դա բացատրում է, թե ինչու են դրանք առանձին կուտակումներ, այլ ոչ թե հնագույն մարդկանց առօրյա կյանքի մշտական տարեգրություն կազմում։
Հետազոտողների կարծիքով՝ ոտնահետքերի և երկրաբանական տվյալների համատեղ վերլուծությունը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ վերականգնել այն պայմանները, որոնցում ապրել են Հյուսիսային Ամերիկայի հնագույն բնակիչները, և ցույց է տալիս, որ նրանք բազմիցս բախվել են շրջակա միջավայրի էական փոփոխությունների։





























