Ռուսաստանի իշխող կուսակցության պատգամավոր Անդրեյ Իսայեւը եւ իր օգնականը հոկտեմբերի 8-ին հեռացվել են «Աերոֆլոտ» ավիաընկերության Սանկտ-Պետերբուրգ-Մոսկվա չվերթից: Դրա ականատեսն է դարձել «ՎԿոնտակտե»-ի փոխնախագահ Իլյա Պերեկոպսկին, որն էլ այդ մասին պատմել է լրատվամիջոցներին:
Ըստ Պերեկոպսկու, որի խոսքերն է մեջբերում Tjournal-ը, ոստիկանության աշխատակիցները Իսայեւին եւ նրա օգնականին դուրս են հանել օդանավից, երբ պետաշխատողները «բղավել են անձնակազմի վրա, իսկ Իսայեւը իր պատգամավորական մանդատն է թափահարել»: Արդյունքում չվերթը մեկուկես ժամով ուշացել էր։
«Աերոֆլոտի» պաշտոնական թվիթերում ուղեւորների բողոքներին ի պատասխան` ընդգծել են, որ ավիաընկերությունը պատասխանատվություն չի կրում չվերթը ձգձվելու համար, որը «կապված էր օդանավից հարբած ուղեւորներին հեռացնելու անհրաժեշտության հետ»: Անդրեյ Իսայեւից մեկնաբանություններ չեն ստացվել, ներկայումս նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա:
Անդրեյ Իսայեւը «Եդինայա Ռոսիայի» գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալն է, ինչպես նաեւ Պետդումայի աշխատանքի եւ սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահը:





























