Դերասան Սոս Ջանիբեկյանի հետ կապված միջադեպի հետեւանքով «Շտապօգնության» 2-րդ ենթակայանի վարիչը, ավագ քույրը եւ բուժքույրը խիստ նկատողություն են ստացել: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նա տեղեկացրեց, որ հանդիպել է «Շտապօգնության» 2-րդ ենթակայանի աշխատակիցների հետ, զրուցել են եւ նրանք եւս ներկայացրել են, թե ինչ է եղել:

Թագուհի Ստեփանյանը շեշտեց, որ Սոս Ջանիբեկյանին սպասարկելիս իրենց անձնակազմի կողմից բժշկական սխալ չի եղել: Ինչ վերաբերում է, թե «Շտապօգնության» բժիշկը չի տեղեկացրել, թե ինչ դեղ են ներարկել, Թագուհի Ստեփանյանը նշեց, որ հիվանդին Հանրապետական հիվանդանոցում հերթապահ բժշկին հանձնելիս ներկայացրել է ամեն ինչ: «Մեզ համար փաստաթուղթ համարվում է կանչի թերթիկը, որի մեջ  բժշկի ամբողջ գործողությունը, հիվանդի վիճակը նկարագրված է»,- նշեց Թագուհի Ստեփանյանը:

Կեղտոտ վերմակը որդու վրա գցելու հետ կապված Սոս Ջանիբեկյանի մոր բողոքների վերաբերյալ էլ բուժքույրը պարզաբանել է, որ սավանը մաքուր է եղել, դրանք հին հետքեր են, որոնք լվանալու արդյունքում չեն մաքրվել: Բուժքրոջ եւ Սոո Ջանիբեկյանի մոր միջեւ տեղի ունեցած երկխոսությունը, որը դերասանի մայրը հրապարակել էր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, բուժքույրը հերքել է՝ ասելով, թե նման խոսակցություն չի եղել, ինքը չի ասել, թե սա լվացքատուն չէ եւ այլն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դերասան Սոս Ջանիբեկյանի մայրը՝ Աննա Աղասարյանն իր  ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր եւ բժիշկների միջեւ տեղի ունեցած երկխոսությունը: Բանն այն է, որ Մոսկվայից վեչադառնալուց հետո Սոս Ջանիբեկյանը թունավորվել էր, կանչել էին «Շտապօգնություն», տեղափոխել հիվանդանոց, այնուհետեւ՝ մեկ այլ հիվանդանոց էին տեղափոխել: Մայրը դժգոհություն էր հայտնել, որ բժիշկը չի ներկայացրել, թե ինչ դեղորայք է ներարկել իր որդուն, որ նրան անձեռոցիկի ավարտվելու պատճառով զուգարանի թուղթ են տվել, իսկ «Շտապօգնությունում» կեղտոտ վերմակ են գցել վրան: