Մոսկվայի բիզնեսի եւ իրավունքի ինստիտուտի 55 ուսանողներ արդեն երկու տարի առանց դիպլոմի են մնացել. ռեկտոր Աշոտ Առաքելյանն ուսանողների զանգին չի պատասխանում, իսկ ԿԳՆ-ից եւ Մոսկվայից պատասխանում են, թե դա իրենց իրավասությունը չէ: Այս մասին ասաց NEWS.am-ի խմբագրության զանգահարած ուսանողներից մեկը՝ Վահեն:
«Հինգ տարի սովորել ենք, 1 մլն 200 հազար դրամ վճարել ենք այս տարիների համար ու հիմա դիպլոմ չենք ստանում: Արդեն երկու տարի տարբեր տեղեր ենք դիմել, բայց անօգուտ: Բոլորն ասում են՝ դիմեք ռեկտորին, իսկ վերջինս չկա ու չկա»,- ասաց Վահեն:
Ռուսաստանյան բուհի Երեւանյան մասնաճյուղը գործում է 2005թ.-ից, սակայն մարտի 14-ին զրկվել է լիցենզիայից: Հենց այս պատճառով էլ ռուսական բուհը հրաժարվում է հայաստանցի ուսանողներին դիպլոմ տալ:
«Բազմիցս դիմել ենք Մոսկվային, բայց ասում են, որ մենք լիցենզիայից զրկել ենք ու այլեւս դրա հետ կապ չունենք»,- նշեց Վահեն:
Ինստիտուտի ռեկտոր Աշոտ Առաքելյանի փոխանցած հեռախոսահամարը գոյություն չունի: Վահեի խոսքով՝ ռեկտորն անհետ կորած է:
«Ոչ միայն մեզ դիպլոմ չի տվել, այլեւ աշխատողների գումարն էլ չի վճարել»,- եզրափակեց նա:
Վահեն ու ընկերները անելանելի դրության մեջ են, իսկ ԿԳՆ-ից հստակ պատասխան չեն տալիս, խոստանում են հարցն ուսումնասիրել:




























