Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում սեպտեմբերի 30-ին «Լիր արքա» ներկայացման ժամանակ պարանի պոկվելու հետեւանքով ընկած երիտասարդի առողջական վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Վանաձորի» բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը: Նա նշեց, որ դերասանի առողջական վիճակը նորմալ է, վնասվածքը ուսագոտու շրջանում է՝ բազկի կոտրվածք: Առայժմ հայտնի չէ, թե երբ նա դուրս կգրվի հիվանդանոցից:

Հիվանդանոցի տնօրենը պատմեց, որ  բարոյահոգեբանական մթնոլորոտը բարելավելու նպատոկվ այդ ներկայացման տոմսերը գնել էր եւ հրավիրել իր կոլեկտիվին, սակայն ծանր դեպք ունենալու պատճառով անձամբ չէր կարողացել գնալ: Հենց դեպքի խահին դահլիճում բժիշկներ են ներկա եղել եւ նրան բուժօգնություն ցուցաբերած բժիշկն էլ մինչ այժմ հետեւում է ապաքինման ընթացքին: «Մեր բժիշկներն են եղել այդ ներկայացման, մեկը մեկին կատակով ասել է, թե մեր հիվանդը դարձավ, այնուհետեւ տեղափոխել են հիվանդանոց ու բուժօգնություն ցուցաբերել»,-ասավ Վարդան Աբովյանը:

Ոստիկանության Վանաձորի բաժնից էլ տեղեկացանք, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում սեպտեմբերի 30-ին «Լիր արքա» ներկայացման ժամանակ պարանը պոկվել է եւ դերասանը ընկել է, ինչի հետեւանքով նա այժմ գտնվում է հիվանդանոցում: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր թատրոնի գլխավոր հաշվապահը՝ Անաիդա Այվազյանը:

Դերասան Վազգեն Մազլուխանյանն այժմ գտնվում է «Վանաձորի» հիվանդանոցում, նրա թեւը ջարդվել է, այժմ գտնվում է գիպսի մեջ, իսկ թատրոնի կոլեկտիվը պարբերաբար այցելում է նրան տեսության: «Միջադեպը եղել է ներկայացման վերջում, դերասանը պարանից կախված է եղել, պարանը կտրվել է, պատճառը պարանի որակն է, խնդիրն այն է, որ վաճառքի պարանները անորակ են»,-պարզաբանել էր գլխավոր հաշվապահը: