Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Մինվոդիի քաղաքապետ Իվան Օստապենկոն, ում հիվանդանոցում զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել մահացու ելքով, հոկտեմբերի 3-ին հրաժարական է ներկայացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ստավրոպոլի երկրամասի նահանգապետի մամուլի ծառայության համաձայն՝ Իվան Օստապենկոյի լիազորությունների դադարեցման մասին որոշումն ընդունել են Մինվոդիի քաղաքային դումայի պատգամավորները՝ դիտարկելով նրա անձնական դիմումը: «Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Բորիս Դոնցովը, ով նախկինում զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը»,- նշել են մամուլի ծառայությունում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Մինվոդիի հիվանդանոցի ընդունարարում զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել. 36 մարդ ներխուժել էր հիվանդանոց եւ ծեծի ենթարկել 31-ամյա Անատոլի Լարիոնովին: Ավելի ուշ նա վախճանվել էր Պյատիգորսկի հիվանդանոցում: Պյատիգորսկի քաղաքային դատարանը սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացրել գլխավոր կասկածյալներ Անդրանիկ Ցաքանյանի ու Եվգենի Սմիրնովի կալանքի մասին 2 ամիս ժամկետով: Կասկածյալներ 20-ամյա Մաքսիմ Ցաքանյանն ու 17-ամյա դեռահասը, որոնք մասնակցել են Ռուսլան Աբդուլժալիլովին եւ բուժքույր Նինա Ստանկային ծեծի ենթարկելուն, ձերբակալվել են հոկտեմբերի 2-ին: Ավելի վաղ ձերբակալել էին նաեւ Սամվել Մանուչարյանին: Հաստատվել է նաեւ Անատոլի Լարիոնովին ծեծի ենթարկող եւս 4 հոգու անձը: