Սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի եւ «Օֆշորի գործով» կալանավորված Աշոտ Սուքիասյանի միջեւ առերեսումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին: Այս մասին NEWS.am-ին ասաց Փայլակ Հայրապետյանը:

«Առերեսումը նշանակված է չորեքշաբթի օրը, այս անգամ որոշել եմ հաստատ գնալ: Համենայն դեպս ուզում եմ գնալ, տեսնել, թե ինչ է շնչում էդ մարդը»,- ասաց սնանկացման եզրին գտնվող գործարարը:

Նրա խոսքով՝ ինքն առերեսման գնալու է միայնակ, քանի որ փաստաբանից մեկ ամիս առաջ հրաժարվել է:

Նշենք, որ նրանց միջեւ առերեսումը պետք է տեղի ունենար դեռ սեպտեմբերի սկզբին, սակայն Փայլակ Հայրապետյանն ամեն անգամ հրաժարվում էր:

Նշենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր: