ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո) միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Արթուր Զադոյանը պնդում է, որ ինքը ընդհանրապես պարտք չէ ԲՀԿ-ական պատգամավորին, իսկ վեճն առաջացել է այն պատճառով, որ Կարո Կարապետյանը չի ցանկացել վճարել իրենից գնված մեքենայի համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Զադոյանը:
«Մեքենա նստեցինք, հարցրեցի՝ փողը վերցրե՞լ ես, ասեց՝ քո գործը չի, ասեցի, որ տենց է, ես չեմ գալիս, Կարո, հայհոյեց ինձ, ես էլ իրեն հայհոյեցի, ավելի կոպիտ խոսեց հետս, ես էլ պատասխանեցի, ձեռը գցեց, որ խփի, ես իրեն հարվածեցի, շուռ եկավ, որ ձեռքը տանի զենքին, բանալիով խփել եմ, մի հատը կպել է ձեռքին, երկուսը գլխին, ու մեքենայից իջել, փախել եմ»,-պատմեց Արթուր Զադոյանը:
Մեղադրյալի խոսքով՝ իր մոտ զենք չի եղել, իսկ Կարո Կարապետյանն ու իր վարորդը սուտ ցուցմունք են տվել. «Որ խփելու գնացած լինեի, կխփեի, ինչի՞ էի երեք անգամ էդ բանալիով խփում, տրամաբանությունը ո՞րն է»:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը դատարանում ցուցմունք տալիս պնդել էր, որ Արթուր Զադոյանն է իրեն գումար պարտք, եւ դեպքի օրը նրա մոտ զենք է եղել, որն իր վարորդը վերցրել ու հանձնել ոստիկաններին։
Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերին, Երասխ-Երևան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Կարո Կարապետյանը նաև ծեծի էր ենթարկել Արթուր Զադոյանին, ով ոտքերի հարված էր ստացել գլխին և ուղեղի ցնցում ստացել: Զադոյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին և 3 վիրահատության ենթարկվել: ՀՔԾ-ում գործը վերաբացվել է այս տարվա մարտին: Արթուր Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել կրել հրազեն և ռազմամթերք եւ Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և տվել սպանության սպառնալիքներ: Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորի եւ Զադոյանի միջեւ թշնամանքի պատճառը խոշոր գումարն է՝ 57,600 դոլար, որը պատգամավորի պնդմամբ՝ Զադոյանը պարտք է իրեն։ Զադոյանի պնդմամբ՝ պատգամավորն է պարտք իրեն։




























