Վանաձորում հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով կալանավորված՝ Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

NEWS.am-ը ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ 2013 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, «Վանաձորի Ղարաքեշիշյանի անվան 1-ին արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի շենքի մոտ՝ միմյանց երկար նայելու եւ վանաձորցիներին հայհոյելու պատճառով ծագած վիճաբանության ժամանակ, Կ.Կունգուրցեւը, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, դանակով հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանին՝ կյանքի համար կենսական կարեւորագույն նշանակություն ունեցող օրգանի՝ սրտի ուղղությամբ։

Հարվածի հետեւանքով, դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, Դ.Հովակիմյանին պատճառվել է կրծքավանդակի ձախ կեսի առաջակողմնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում, որն ուղեկցվել է ձախ թոքի վերին բլթի միջանցիկ եւ կույր, սրտապարկի, սրտի ձախ փորոքի հետին-կողմնային պատի միոէպիկարդիալ շերտի շոշափող ընթացքով միջանցիկ վնասումներով, սակայն վերջինիս ընկերների՝ Ռ.Սարգսյանի, Ա.Համբարձումյանի, Գ.Ավագյանի եւ Ա.Կռոյանի օգնության հասնելուց հետո Կ.Կունգուրցեւը դիմել է փախուստի՝ հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ իր կամքից անկախ հանգամանքներով: Դեպքից անմիջապես հետո՝ժամը 18:45-ին, Դավիթ Հովակիմյանին տեղափոխել են «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն, որտեղ ժամը 21:35-ի սահմաններում մահացել է:

Կ.Կունգուրցեւի կողմից Դավիթ Հովակիմյանի սպանության փորձի վերաբերյալ քրեական գործով 2014 թվականի օգոստոսի 26-ին որոշում է կայացվել՝ բուժսպասարկում իրականացնող անձի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով բուժվող հիվանդի մահն անզգուշությամբ առաջացնելու դեպքի առթիվ հարուցել նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, եւ այն անջատել առանձին վարույթ։

Իսկ Կարեն Կունգուրցեւի վերաբերյալ քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրական եզրակացությամբ 2014 թվականի սեպտեմբերի 20-ին ուղարկվել է դատարան:

ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ հերթապահ վիրաբույժ Հ.Գոգորյանը, զննելով Դավիթ Հովակիմյանին եւ տեսնելով վերջինիս ծանր վիճակը, զանգահարել եւ հիվանդանոց է հրավիրել նույն ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանին: Վերջինս ժամը 19:20-ի սահմաններում ժամանել է հիվանդանոց եւ ստանձնել Դավիթ Հովակիմյանի բուժսպասարկումը:

Դավիթ Հովակիմյանի մոտ առկա ցածր զարկերակային ճնշման, ծայրահեղ ծանր վիճակի, ծակած-կտրած վիրավորման տեղակայության եւ թափանցող բնույթի պայմաններում Վլադիմիր Ղուկասյանը չի իրականացրել կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտություն, էլեկտրասրտագրություն, ձախակողմյան ախտորոշիչ կրծքավանդակահատում (թորակոտոմիա), իրավիճակի գնահատումով՝ միանվագ ստացված արյան քանակի եւ շարունակվող արյունահոսության նկարագրությամբ, ժամանակին չի կատարել ձախ թոքամզային խոռոչի դրենավորում՝ հակաշոկային բուժմիջոցառումների սկզբնական ժամանակահատվածում բավարար արդյունք չտալու՝ հիվանդի վիճակի կայունացման եւ բարելավման չբերելու ու դրանով հանդերձ՝ կյանքի ցուցումներով անհապաղ թորակոտոմիայի (կրծքավանդակահատման) անհրաժեշտության պայմաններում չի կատարել ձախակողմյան ախտորոշիչ թորակոտոմիա, որի պատճառով ժամանակին չի հայտնաբերել ձախ թոքի, սրտապարկի ու սրտի վնասվածքները, արյունահոսության աղբյուրը եւ չի դադարեցրել արյունահոսությունը:

Դավիթ Հովակիմյանին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում բժիշկ-վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի վերոհիշյալ թերություններն ու բացթողումները, մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, նախաքննության տվյալներով, անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Դավիթ Հովակիմյանի մահը՝ կրծքավանդակի ձախ կեսի թափանցող ծակած-կտրած վիրավորումով, արյան զանգվածային կորստով պայմանավորված ծանր աստիճանի հեմոռագիկ շոկի պատճառով:

Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: