Պարույր Հայրիկյանի՝ որպես իրեն պատճառված վնաս՝ իր մահափորձի համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանից, Խաչիկ Պողոսյանից ու Սամվել Հարությունյանից 42,5 միլիոն դրամ փոխհատուցելու մասին պահանջի քննությունը ընթացքի մեջ է: NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ թե Հայրիկյանը, թե Վարդան Սեդրակյանը, առաջին ատյանի որոշումը՝ հայցի մասնակի բավարարման մասին, բողոքարկել են Վերաքննիչ դատարանում: Առաջին դատական նիստը նշանակված է մայիսի 6-ին:
Պարույր Հայրիկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ 42,5 միլիոն դրամը ընդամենը նվազագույն առողջապահական ծախսերն են, որը շատ քիչ գումար է միջազգային նմանօրինակ դեպքերի հետ կապված: ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ դա շատ ավելի քիչ գումար է, քան որեւէ նախարարի համար մեքենա գնելիս են վճարում: Ինչ վերաբերում է վիրահատության համար Կառավարության պահուստային ֆոնդից իրեն հատկացված 20,5 մլն դրամը պետբյուջե վերադարձնելուն, Հայրիկյանը նշեց հետեւյալը. «Ինչպես ուզում եմ, այնպես էլ կվարվեմ: Ես պետությանը շատ ավելին եմ տվել, քան իրենց ինձ հատկացրածն է, ինչը ճիշտ համարեցի, այնպես էլ կանեմ, կօգտագործեմ իմ համար, լիարժեք ապաքինման համար, տարբեր մարդկանց կբաժանեմ, դա իմ գործն է, ոչ մեկի գործը չէ»,-ասաց նա:
Ի դեպ, ԱԻՄ առաջնորդը դեռ շարունակում է բուժումները Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Ապրիլի 15-ին էլ պետք է մեկներ Բրյուսել՝ հետազոտություններ անցնելու նպատակով, սակայն չգնաց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: Առաջիկայում, երբ բժիշկները օր նշանակեն, կմեկնի Բրյուսել: Բացառված չէ, որ Հայրիկյանին նորից վիրահատեն, արդեն 4-րդ անգամ, բժիշկները առաջարկել են ոտքից նյարդը փոքրացնել եւ տեղադրել ձեռքի մեջ, սակայն մտերիմները Հայրիկյանին խորհուրդ են տալիս չգնալ այդ քայլին՝ նշելով, որ ավելի լավ է թույլ աշխատի ձեռքը, բայց ռիսկի չդիմի:
Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում 2013թ. հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահՊարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել իր իսկ տան դիմաց: Օրեր անց ձերբակալվել էր նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանը, ում 2013թ. սեպտեմբերին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել էր 14 տարվա ազատազրկման:




























