News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում Ինդոնեզիայում Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանը պատմում է դեսպանատան գործունեության, հայ-ինդոնեզական տնտեսական հարաբերությունների, հայ համայնքի մասին։

Տիկի՛ն դեսպան, Ինդոնեզիայում ՀՀ դեսպանությունը բոլորովին վերջերս է հիմնվել եւ մեր ամենաերիտասարդ դեսպանություններից է: Ներկայացրե՛ք դեսպանության գործունեությունն ու աշխատանքի հիմնական ուղղությունները:

Ինդոնեզիայում ՀՀ դեսպանությունը գործում է 2014թ. հունվարից: Դեսպանություն բացելու մտադրության մասին պաշտոնապես հայտարարվեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` 2012թ. օգոստոսին Ջակարտա կատարած պաշտոնական այցի ժամանակ: Այս նախաձեռնությունը նպատակ ուներ խթանելու հարաբերությունները տարածաշրջանի ամենաարագ զարգացող եւ աշխարհում ամենամեծաթիվ մահմեդական բնակչություն ունեցող պետության հետ:

Դեսպանության գործունեության առաջին տարին համընկավ Ինդոնեզիայում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հետ, ինչը մեզ բացառիկ հնարավորություն տվեց հետեւելու քաղաքական կյանքին` իր տարբեր դրսեւորումներով, լինելու շատ կարեւոր զարգացումների ուղղակի վկա:

Դեսպանության բացման մասին հայտարարելիս նախարարը նշել է, որ Հայաստանը ձգտում է ոչ միայն տնտեսական կապերի, այլ ավելի լայն համագործակցության զարգացման:

Այդ իսկ նպատակով մենք փորձում ենք կապեր հաստատել հասարակության լայն շրջանակների հետ, համագործակցություն սկսել ուսումնական հաստատությունների, հետազոտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների հետ:

Սկսում ենք կապեր հաստատել խորհրդարանի հետ՝ նպատակ ունենալով ի վերջո ստեղծել բարեկամության խմբեր:

Ինդոնեզիայի նոր նախագահն ու կառավարությունը հայտարարել են երկրի քաղաքականության նոր ուղղվածության մասին` ուշադրության կենտրոնում դնելով տնտեսական կապերի զարգացումը եւ նպատակ ունենալով խթանել օտարերկրյա լուրջ ներդրումներ: Այս առումով կարեւոր է դառնում երկու երկրների գործարարների միջեւ կապերի խթանումը:

Ինչպես եւ Ջակարտայում գործող շատ դեսպանություններ, մենք ներկայացնում ենք Հայասնատը նաեւ ԱՍԵԱՆ-ում, եւ այդ ուղղությունը եւս լուրջ ուսումնասիրության կարիք ունի: ԱՍԵԱՆ-ն այսօր պատրաստվում է դառնալ իրական տնտեսական համայնք, եւ մոտակա տարիների ընթացքում դա կհանգեցնի Հարավարեւելյան Ասիայում տնտեսական եւ առեւտրային նոր օրենքների եւ կանոնների կիրառմանը:

Ինչպիսի՞ դժվարությունների է բախվում դեսպանությունն իր գործունեության մեջ: Ի՞նչը կցանկանայիք բարելավել դեսպանության աշխատանքներում:

Հիմնական խնդիրը կայանում է Հայաստանի մասին, շատ օբյեկտիվ պատճառներով, սահմանափակ իրազեկվածության մեջ: Դեպքեր էին լինում, երբ «Բարեւ Ձեզ, ես Հայաստանի դեսպանն եմ» ներկայանալուց հետո, զրուցակիցն ասում էր, որ Ռումինիան շատ լավ երկիր է: Բայց պետք է նշեմ նաեւ, որ վերջերս Ռումինիայի դեսպանը, որը նույնպես կին է, բողոքում է, որ իրեն եւս նման իրավիճակներում սկսել են ասել «շատ ենք լսել Հայաստանի մասին» («Armenia-Romania» հաճախ հնչում են իրար նման):

Ինդոնեզիայի արտաքին քաղաքականության նոր՝ տնտեսական շահերի վրա հիմնված ուղղվածությունը նոր իրավիճակ է ստեղծել շատ երկրների համար: Բնականաբար, այն երկրները, որոնց հետ Ինդոնեզիան ունի արդեն կայացած լուրջ առեւտրա-տնտեսական կապեր, եւ որոնք կարող են զգալի ներդրող լինել, գտնվում են ավելի բարենպաստ պայմաններում:

Ինդոնեզիայից Հայաստան ներկրվող ապրանքի արժեքը վերջին մի քանի տարվա ընթացքում կամզում է մոտ 35մլն ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանից Ինդոնեզիա արտահանումը գրեթե բացակայում է: Երկու երկրներն էլ կարիք ունեն միմյանց շուկաները ավելի լավ ուսումնասիրելու եւ, վստահ եմ, որ, որոշակի աշխատանքի արդյունքում, կգտնվեն առեւտրա-տնտեսական համագործակցության փոխշահավետ ուղղություններ: Ես արդեն հանդիպում եմ ունեցել Ինդոնեզիայի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ եւ պայմանավորվել ենք հանդիպումներ կազմակերպել մի քանի բնագավառի գործարարների հետ:

Որքա՞ն հայեր են այսօր բնակվում Ինդոնեզիայու՞մ: Ո՞ր ոլորտներում են նրանք ներգրավված:

Ինչպես գիտեք, սկսած 18-րդ դարից` Ինդոնեզիայում եղել է զգալի հայկական ներկայություն, մասնավորապես Բաթավիայիում (Ջակարտա), Սուրաբայայում, Մակասարում, Բանդունգում եւ այլ խոշոր քաղաքաներում: Նրանք հիմնականում խոշոր վաճառականներ եւ գործարարներ էին:

Սուրաբայայի ամենահայտնի «Մաջապահիդ» հյուրանոցը հիմնվել է Սարգիս ընտանիքի ներկայացուցիչների կողմից:

Հոլանդական Արեւելյան Հնդկաստան գաղութում գործել են հայկական եկեղեցիներ, դպրոց, ակումբ: Ջակարտայի Սուրբ Հովհաննես եկեղեցին քանդվել է 1964թ.՝ քաղաքի վերակառուցման եւ բարելավման ծրագրի շրջանակներում: Այդ պահին արդեն Ինդոնեզիայում մնացել էր միայն մի քանի տասնյակ հայ, որոնք հետագայում տեղափոխվել են այլ երկրներ:

Այսօր Ինդոնեզիայում հայ համայնք, որպես այդպիսին, չկա: Սակայն երբեմն տարեց զրուցակիցներից լսում ենք, որ իրենք հիշում են հայերին Սուրաբայայի եւ Բաթավիայի առօրյա կյանքում:

Մի քանի ամիս առաջ Կանանց միջազգային ակումբում ինձ մոտեցավ ճավանացի մի կին եւ ասաց. «գիտեք` ես հայ եմ»: Պարզվեց, որ տիկին Էվելինի պապիկը հայ էր, որը 19-րդ դարի վերջին տեղափոխվել էր Բաթավիա եւ ամուսնացել ճավանացի կնոջ հետ: Եվս մեկ «հայկական հետք» գտանք մոտ 50 տարի Ինդոնեզիայում բնակվող ճիզվիտ պատմաբանի միջոցով. Ջակարտայի «Ռագունան» կենդանաբանական այգու հիմնադիրը եւ երկար տարիներ ղեկավարը եղել է Բենջամին Գալուստաունը (Գալստյանը), որը նույնպես հայ եւ ճավանացի ծնողների զավակ է:

Այսօր Ինդոնեզիայում բնակվում է միայն մի քանի հայ ընտանիք՝ Ջակարտայում եւ Բալիում: Նրանք այստեղ են տեղափոխվել վերջին մի քանի տարվա ընթացքում՝ գործի բերմամբ: Չնայած այն բանի, որ նրանք, բացառությամբ ՄԱԿ-ի համակարգում աշխատող մի տիկնոջ, ՀՀ քաղաքացիներ չեն, բոլորն էլ կապ են պահպանում Հայաստանի դեսպանության հետ, եւ ո՞վ գիտի, գուցե մի քանի տարի հետո հնարավոր լինի խոսել նաեւ Ինդոնեզիայի հայ համայնքի մասին:

Դուք արտերկրում Հայաստանը ներկայացնող ոչ մեծ թվով կին դեսպաններից եք: Ըստ Ձեզ, որո՞նք են կին դեսպանների համար հիմնական մարտահրավերները:

Չեմ կարծում, որ կին դիվանագետի/դեսպանի խնդիրները տարբերվում են ցանկացած այլ բնագավառում առաջխաղացման ձգտող կանանց խնդիրներից: Այսօր շատ քիչ հասարակություններ կարող են հավակնել կանանց եւ տղամադրկանց միջեւ իրական, բացարձակ հավասարության: Միայն այն, որ բարձր պետական կամ խոշոր միջազգային ընկերության ղեկավար պաշտոնում կնոջ նշանակումը դառնում է մամուլի ուշադրության առարկա, ինձ թվում է, վկայում է հենց այն մասին, որ նման երեւույթները դեռ առօրյա չեն դարձել:

Գաղտնիք չէ նաեւ, որ դիվանագիտության մեջ շատ հարցեր լուծվում են պաշտոնական բանակցությունների սենյակից դուրս, եւ որ «տղաները» միշտ հնարավորություն ունեն հանդիպելու ոչ պաշտոնական մթնոլորտում: Ջակարտայում, օրինակ, շատ հարցեր կարգավորվում եմ գոլֆ խաղալու ժամանակ:

Այդուհանդերձ, պետք է ասեմ, որ այսօր Ջակարտայում հավատարմագրված է 13 կին դեսպան, եւ մենք փորձում ենք որոշ իրավիճակներում միմյանց աջակցել` մանավանդ, հաշվի առմելով, որ դիվանագիտական կորպուսի դուայենը նույնպես կին է: Ուշագրավ է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո դիվանագետների հետ իր առաջին պաշտոնական հանդիպումը նախագահ Ջոկո Վիդոդոն կազմակերպեց հենց «կին դիվանագետներ» խմբի հետ:

Տիկի՛ն դեսպան, տարին առանձնահատուկ է նրանով, որ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցիը: Ի՞նչ միջոցառումներ են տեղի ունեցել եւ ունենալու Ինդոնեզիայում:

Ապրիլի 24-ին դեսպանությունում տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն, որին ներկա էին երկրում այսօր բնակվող հայերը, ինդոնեզական հասարակության եւ մամուլի ներկայացուցիչներ:

Ամենալայն տարածում ունեցող, անգլերեն եւ ինդոնեզերեն թերթերում եւ լրատվական կայքերում հրապարակվեցին հոդվածներ Հայոց ցեղասպանության թեմայով: Պետք է նշեմ նաեւ, որ Վատիկանում մատուցված պատարագը մեծ հետաքրություն առաջացրեց Ինդոնեզական մամուլում եւ, հատկապես, երկրի կաթոլիկ համայնքի շրջանակներում:

Մենք շարունակում ենք համագործակցությունը լրատվամիջոցների հետ, եւ տարվա ընթացքում ես կշարունակեմ դասախոսություններ ու ոսումնական հաստատությունների հետ հանդիպումների ընթացքում ներկայացնել Հայոց ցեղասպանության թեման:

Ընդհանրապես, դիվանագետների եւ հատկապես դեսպանների աշխատանքը բարդ է ու ժամանակատար: Որքանո՞վ են դրան հարմարվել Ձեր ընտանիքի անդամները: Պատմեք Ձեր ընտանիքի մասին:

Ինչպես եւ շատերը, մենք եւս փորձում ենք հարմարվել դիվանագետի «թափառական» կյանքի իրողություններին: Այստեղի իմ գործընկեր կանաց մի մասը ամուսնացած չէ, մի քանիսի ամուսիններն աշխատում են այլ երկրներում: Մի գուցե տղամարդու համար կին դիվանագետին հետեւելը ինչ-որ տեղ ավելի դժվար է, քան հակառակը: Այս առումով ես հատկապես գնահատում եմ ամուսնուս՝ իմ հետ միասին Ջակարտա տեղափոխվելու եւ դեսպանի ամուսնուց ակնկալվող պարտականությունները ստանձնելու որոշումը` հատկապես, հաշվի առնելով, որ նա հայ չէ: 

Մեր այս ավանդական հարցն ուղղում ենք բոլոր զրուցակիցներին: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին:

Այս հարցին պատասխանելիս իմ գործընկերներն արդեն տվել են այնպիսի կարեւոր եւ այնքան հետաքրքիր խորհուրդներ, որ նոր բան ասելն ամեն հաջորդի համար դառնում է ավելի ու ավելի դժվար: Սակայն եթե ավելի լուրջ, մեր երիտասարդ գործընկերներին կուզեի խորհուրդ տալ` միշտ հարգանքով ու հետաքրքրությամբ վերաբերել այն հասարակությանն ու մշակույթին, որի հետ աշխատում եք եւ որում` ապրում: Առանց դրա, հնարավոր չէ ակնկալել երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացում:

Աննա Աղաջանյան

Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

ծնվ. 1970թ, Երեւանում

Կրթությունը

1977-1987 Երեւանի Ա. Պուշկինի անվան միջնակարգ դպրոց

1987-1992 ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, անգլերեն լեզու եւ գրականություն

1993 Վերապատրաստման դասընթաց Նիդերլանդների Քլինեգալ ինստիտուտում

2000-2001 «Արտաքին ծառայության ծրագիր», Օքսֆորդի համալսարան, Մեծ Բրիտանիա

2007      Վերապատրաստման դասըթնաց Ջ. Մարշալի անվ. կենտրոնում, Գերմանիա

Աշխատանքային գործունեությունը

1991-1992 ՀՀ գերագույն խորհրդի տեղեկատվական եւ վերլուծության վարչության փորձագետ

1992-1993 ՀՀ նախագահի աշխատակազմի վերլուծական վարչության փորձագետ

1993-1995 ԱԳՆ Եվրոպայի վարչության երկրորդ եվրոպական բաժնի երրորդ, ապա` երկրորդ քարտուղար

1995-1996 ԱԳՆ Եվրոպայի վարչության երկրորդ եվրոպական բաժնի առաջին քարտուղար

1997-1998 ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության առաջին քարտուղար, Նյու Յորք

1999-2003 ԱԳՆ միջազգային կազմակերպությունների ՄԱԿ-ի բաժնի վարիչ

2003-2006 ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության խորհրդական, Բրյուսել

2006-2007 ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների բաժնի վարիչ

2008-2009 ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ

2009-2013 ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության դեսպանորդ, Բրյուսել

2013 թ. դեկտեմբերից՝ Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Դիվանագիտական աստիճանը՝ արտակարգ եւ լիազոր դեսպան

Օտար լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն

Ամուսնացած է:

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news