News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը պատմում է տնտեսական կապերի, Եգիպտոսում հայերի ունեցած ահռելի դերի, հայ համայնքի վրա 2011-ի հեղափոխության ազդեցության, Ցեղասպանության տարելիցի միջոցառումների մասին։

Պարո՛ն դեսպան, ներկայացրեք, խնդրեմ,  դեսպանության պատմությունն ու կատարած աշխատանքները: Արդյոք Ձեր աշխատանքի վրա չանդրադարձա՞վ Եգիպտոսում 2011-ին տեղի ունեցած հեղափոխությունը:

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը  հիմնադրվել է 1992թ.` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անմիջապես հետո։ Այն ՀՀ առաջին դեսպանությունն էր Մերձավոր Արեւելքում, իսկ Եգիպտոսում ՀՀ առաջին դեսպանը ներկայիս արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էր։ Դեսպանությունը տեղակայված է Նեղոսի վրա գտնվող Զամալեք կղզում` պատմա–ճարտարապետական բացառիկ հուշարձան հանդիսացող եւ ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղին պատկանող «Սաթենիկ Չաքըր» առանձնատանը։ Անկախության առաջին տարիներին նման դեսպանատան ձեռքբերումը հնարավոր է դարձել դեսպան Էդվարդ Նալբանդյանի, ՀԲԸՄ Կահիրեի վարչականների եւ այլ եգիպտահայերի միասնական ջանքերով առկա իրավական, նյութական եւ տեխնիկական խրթին խնդիրները հաղթահարելու շնորհիվ միայն։ Այդ ժամանակաշրջանում են դրվել նաեւ հայ–եգիպտական միջպետական հարաբերությունների հիմքերը, որոնք հետագա տարիներին դինամիկ զարգացում են ապրել։ Հայ–եգիպտական փոխշահավետ համագործակցությունը ներառել է այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են քաղաքական երկխոսությունը, կրթությունը, գիտությունը, մշակույթը, առողջապահությունը, դեղագործությունը, գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, առեւտուրը եւ այլն։ Անցած տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ բարձր մակարդակի փոխայցելություններ, ստորագրվել է ավելի քան 40 փաստաթուղթ, գումարվել է միջկառավարական հանձնաժողովի 4 նիստ, արդյունավետ գործել են միջխորհրդարանական բարեկամության խմբերը։ Այնուամենայնիվ, 2011թ. հունվարի 25-ի հեղափոխությունից հետո Եգիպտոսում առաջացած անկայուն իրավիճակի պատճառով երկկողմ համագործակցության զարգացման տեմպերը զգալիորեն դանդաղել են։ Ընդհատվել է մի շարք խոստումնալից համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը։ Երկար ընդմիջումից հետո իրավիճակն այժմ սկսել է կայունանալ, ինչը նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ համագործակցության ծավալների վերականգնման եւ հետագա ընդլայնման համար։

Ինչպե՞ս են զարգանում երկու երկրների գործարար շրջանակների միջեւ շփումները: Ի՞նչ անելիքներ կան այդ շփումները ծրագրերի վերածելու առումով:

Այստեղ նույնպես Եգիպտոսի ներքին անկայուն իրավիճակը եւ անցումային շրջանի դժվարություններն ունեցել են իրենց բացասական ազդեցությունը։

Թեեւ պետք է ասել, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները երբեք էլ բավարար չեն եղել։ Ներկայումս Եգիպտոսի կառավարության կողմից տնտեսական ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու նպատակով  գործադրվող ջանքերն աստիճանաբար տալիս են իրենց արդյունքները։ Դրան զուգընթաց, մեծանում է երկկողմ տնտեսական համագործակցության հնարավորությունը։ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստը էապես ավելացրել է մեր երկրի նկատմամբ եգիպտական գործարար շրջանակների հետաքրքրությունը։ Ուշագրավ է, որ Եգիպտոսը վերջերս հայտարարել է ԵՏՄ հետ ազատ առեւտրի համաձայնագիր կնքելու շուրջ բանակցային գործընթաց սկսելու ցանկության մասին։ Հայկական արտադրության որոշակի ապրանքներ կարող են մրցունակ լինել եգիպտական շուկայում, սակայն ցամաքային հաղորդակցության եւ ուղիղ օդային կապի բացակայությունը դժվարեցնում են բիզնես նախաձեռնություների իրագործումը։ Այդ խնդիրը կարող է լուծում ստանալ, եթե Եգիպտոսը գործնականորեն արձագանքի  Հայաստանի «բաց երկնքի» քաղաքականությանը։

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը սերտ համագործակցություն է հաստատել տարբեր ոլորտների եգիպտացի առաջատար գործարարների միավորող Կայուն զարգացման եգիպտական խորհրդի (ԿԶԵԽ) հետ։ Դեսպանության եւ Խորհրդի միջեւ անցյալ տարի ստորագրվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հայաստանի ներդրումային եւ տնտեսական միջավայրին ծանոթանալու նպատակով ԿԶԵԽ–ի պատվիրակությունը ճանաչողական այց է  կատարել Հայաստան:

Հայտնի է, որ ամենահին հայ համայնք ունեցող երկրներից է: Որքա՞ն հայեր են ներկայումս բնակվում Եգիպտոսում, եւ որո՞նք են հայ համայնքին հուզող հիմնական հարցերը:

Եգիպտահայ համայնքը փառահեղ պատմություն ունի։ Մեկ հարցազրույցի սահմաններում այն լիարժեք ներկայացնելն անհնարին է։ Հայերն անհիշելի ժամանակներից են բնակություն հաստատել Եգիպտոսում։ Կարելի է ասել, որ նրանք երկու անգամ «ոսկե դար» են ապրել այդ երկրում։ Առաջինը համընկել է Ֆաթիմյանների խալիֆայության ժամանակաշրջանին, երբ հայերը նշանակալից դերակատարություն են ունեցել Եգիպտոսի ներքին կյանքում, իսկ նրանցից մի քանիսը, ինչպես, օրինակ, հռչակավոր Բադր ալ–Ջամալին կամ Վահրամ Պահլավունին հասել են մինչեւ մեծ վեզիրի պաշտոնին։  

Երկրորդը դա 19-րդ դարն է, երբ հայերը նախանձախնդրորեն մասնակցել են Մուհամմադ Ալիի նախաձեռնած` Եգիպտոսի նոր պետականության կառուցման գործընթացին։ Այդ մասնակցության ծավալը պատկերացնելու համար բավական է հիշել, որ Եգիպտոսի առաջին արտաքին գործերի նախարարը եղել է Պողոս բեյ Յուսեֆյանը, իսկ առաջին վարչապետը`  Նուբար փաշա Նուբարյանը։

Հայերի թիվը կտրուկ աճել է Հայոց ցեղասպանության եւ նրան հաջորդած տարիներին, երբ հազարավոր վերապրածներ հաստատվել են այս երկրում։ Հարկ է նշել, որ Եգիպտոսի կառավարությունը եւ շարքային եգիպտացիները գրկաբաց են ընդունել Ցեղասպանությունից փրկվածներին` նրանց համար ապահովելով նոր կյանք սկսելու եւ միաժամանակ ազգային ինքնությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, որի համար հավերժ երախտապարտ ենք Եգիպտոսի ասպնջական ժողովրդին։ Հայերի թիվն իր գագաթնակետին է հասել անցյալ դարի 50-60-ական թթ.` կազմելով մոտ 50 հազար։ Այնուհետեւ, սկսած Գամալ Աբդել Նասերի ազգայնացման քաղաքականության օրերից, այն աստիճանաբար նվազել է։ Ներկայումս Եգիպտոսում բնակվում է ընդամենը 7000 հայ, որոնք հիմնականում կենտրոնացած են Կահիրեում եւ Ալեքսանդրիայում։ Թեեւ փոքրաթիվ լինելուն, եգիպտահայերը շարունակում են ապրել ակտիվ համայնքային կյանքով, որի համար առկա են բոլոր անհրաժեշտ կառույցները` Հայաստանյաց Առաքելական եւ Կաթողիկե առաջնորդարաններ, թեմական եւ քաղաքական ժողովներ, եկեղեցիներ, վարժարաններ, մշակութային, բարեսիրական, մարզական միություններ, ակումբներ, թերթեր եւ այլն։ Միաժամանակ, եգիպտահայերը շատ լավ ինտեգրված են եգիպտական հասարակությանը եւ իրենց ավանդն են բերում Եգիպտոսի տնտեսական, մշակութային, հանրային կյանքին։ Այսօր նրանց հուզում են այն նույն հարցերն ու մտահոգությունները, որոնք ունեն իրենց եգիպտացի համաքաղաքացիները` կապված երկրի ապագայի, ներքին կայունության եւ անվտանգության վերականգնման, սոցիալ-տնտեսական մարտահրավերների եւ պարզապես կենցաղային խնդիրների հետ։ Եգիպտահայերը նաեւ սերտորեն կապված են Հայաստանի հետ։ Վերջին տարիների ընթացքում մի քանի հարյուր եգիպտահայեր ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն, ինչը նպաստում է այդ կապի ավելի խորը եւ համապարփակ գիտակցմանը։    

Դեսպանությունը իր հիմնադրման օրվանից սերտորեն համագործակցում է հայ համայնքի կառույցների եւ անհատների հետ։ Անգնահատելի է «Դեսպանության բարեկամների խորհրդի» աջակցությունը, որի շնորհիվ տարիներ շարունակ հնարավոր է դարձել ապահովել տարբեր բնույթի հավակնոտ ծրագրերի իրականացումը։

Վերջերս կայացավ ՀՀ վարչապետի այցը Եգիպտոս: Որո՞նք էին այցի հիմնական արդյունքները: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս է ընթանում Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ քաղաքական երկխոսությունը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ նրան ուղեկցող կառավարական պատվիրակության այցը Եգիպտոս տեղի ունեցավ ս/թ. մարտի 12-15-ը Շարմ էլ–Շեյխում կայացած «Եգիպտոսի տնտեսության աջակցության եւ զարգացման» միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում։ Եգիպտոսի նոր իշխանությունների համար այդ համաժողովը չափազանց կարեւոր էր միջազգային հանրության բարոյական եւ նյութական աջակցությունը ստանալու առումով, որը նրանց անհրաժեշտ էր երկրի առջեւ ծառացած ինչպես ֆինանսա–տնտեսական, այնպես էլ քաղաքական եւ անվտանգության մարտահրավերներին արձագանքելու համար։ Նկատի ունենալով 100–ից ավելի պետությունների նախագահների, կառավարությունների ղեկավարների, միջազգային ֆինանսական կառույցների պատասխանատուների ներկայությունը, ինչպես նաեւ խոստացված նյութական աջակցության եւ ներդրումների աստղաբաշխական ծավալները, կարելի է ասել, որ համաժողովը ավելի քան հաջողվել էր: Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպում ունեցավ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ–Սիսիի հետ։ Հանդիպմանը եգիպտական կողմից ներկա էր նաեւ Եգիպտոսի վարչապետ Իբրահիմ Մահլաբը։

Հարկ է նշել, որ սա Հայաստանի կողմից առաջին հանդիպումն էր հետհեղափոխական Եգիպտոսի առաջնորդի հետ, որը պայմանավորում է նրա հանգրվանային նշանակությունը հայ–եգիպտական քաղաքական երկխոսության եւ տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից։ Կարեւոր էր, որ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց` միջկառավարական հանձնաժողովի ակտիվացման, տնտեսական համաժողովների անցկացման եւ երկու երկրների գործարար շրջանակների կապերի սերտացման ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ քաղաքական երկխոսությանն ընդհանրապես, ապա այն միշտ էլ գտնվել է բարձր մակարդակում։ Պարբերաբար շփումներ են տեղի ունեցել արտաքին գործերի նախարարությունների միջեւ։ Ս/թ. փետրվարին Մյունխենում հանդիպել են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին։ Արդյունավետ համագործակցություն է առկա միջազգային կազմակերպությունների շրջանակում: ԼՂ հիմնահարցի նկատմամբ Եգիպտոսը շարունակում է չեզոք կեցվածք դրսեւորել։ Տարբեր առիթներով Հայաստանը պաշտոնական հայտարարություններով եւ ուղերձներով, ինչպես նաեւ միջազգային ֆորումներում արտահայտած դիրքորոշումներով իր  աջակցությունն է հայտնել Եգիպտոսում ընթացող ժողովրդավարական անցման գործընթացին, ինչպես նաեւ եգիպտական իշխանությունների` անվտանգության եւ կայունության վերականգնման ու ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկած քայլերին։

Վերջին տարիներին Եգիպտոսում ներքաղաքական մի շարք ցնցումներ են տեղի ունեցել: Որքանո՞վ են դրանք ազդել Եգիպտոսի տարածաշրջանային դերի վրա:

2011թ. հունվարի 25-ի հեղափոխությանը հաջորդած անցումային ժամանակաշրջանում ներքաղաքական անկայուն իրավիճակի եւ ֆինանսա–տնտեսական խոր ճգնաժամի հետեւանքով Եգիպտոսի` որպես տարածաշրջանային առաջատար պետության դերն աննախադեպ անկում էր ապրել։ Դա հատկապես նկատելի էր Մուսուլման եղբայրների տիրապետության շրջանում, երբ քաղաքական իսլամն աստիճանաբար վերածվում էր պետական գաղափարախոսության։ Այդ ժամանակ Եգիպտոսի` տարածաշրջանում ունեցած դիրքերից նահանջի հետեւանքով առաջացած վակուումը հաճույքով փորձում էին լցնել տարածաշրջանային այլ խաղացողներ, առաջին հերթին` Թուրքիան։ Համենայն դեպս, երբ 2013թ. հունիսի 30-ի հեղափոխությամբ իշխանության եկան ազգային շահը որպես գերակա ուղենիշ ունեցող ուժերը, իրավիճակը կտրուկ փոխվեց։ Որդեգրած նոր եւ հավակնոտ արտաքին քաղաքական գծի շնորհիվ այսօր Կահիրեն հաջողությամբ վերականգնում է իր նախկին տարածաշրջանային դիրքերը եւ միջազգային հեղինակությունը` ձգտելով ստանձնել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության երաշխավորի դերակատարությունը։ Միաժամանակ այն նախաձեռնողական ակտիվություն է ցուցաբերում քաղաքական, առեւտրատնտեսական եւ անվտանգության տարածաշրջանային տարբեր նախագծերի իրականացման գործում։ Եգիպտոսի դիրքերի ամրապնդմանն է նպաստում նաեւ աշխարհի տարբեր ուժային կենտրոնների հետ հավասարակշռված հարաբերություններ զարգացնելու քաղաքականությունը։

Եգիպտոսը նաեւ հայ զբոսաշրջիկների սիրած հանգստյան վայրերից է: Հաճա՞խ են լինում իրավիճակներ, երբ մեր քաղաքացիները հայտնվում են արտակարգ իրավիճակներում, եւ ի՞նչ քայլեր է այդպիսի դեպքերում ձեռնարկում դեսպանությունը:

Անվտանգության իրավիճակի բարելավմանը զուգընթաց տարբեր երկրներից, այդ թվում` Հայաստանից, զբոսաշրջիկների հոսքը դեպի Եգիպտոս կայուն կերպով աճում է։ Մեր զբոսաշրջիկները հատկապես նախընտրում են հանգիստը այնպիսի առափնյա քաղաքներում, ինչպիսիք են Շարմ էլ–Շեյխը եւ Հուրգադան։ Իհարկե, երբեմն փաստաթղթային կամ այլ տեխնիկական բնույթի խնդիրներ ծագում են։ Ցավոք, եղել են նաեւ դժբախտ պատահարներ։ Յուրաքանչյուր դեպքին ջանում ենք հնարավորինս արագ արձագանքել եւ անհրաժեշտ լուծում գտնել։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ բավական երկար ժամանակ է, ինչ իսպառ դադարել են նախկինում հաճախ կրկնվող տհաճ միջադեպերը` կապված որոշ զբոսաշրջային եւ ավիացիոն ընկերությունների կողմից իրենց պարտավորությունները բարեխիղճ կերպով չկատարելու հետ, որոնց արդյունքում առաջին հերթին տուժում էին զբոսաշրջիկները։

Դուք նաեւ համատեղության կարգով ՀՀ դեսպանն եք Իսրայելում: Ի՞նչ մակարդակի վրա են այսօր գտնվում հայ-իսրայելական հարաբերությունները: Իսրայելի առաջին դեմքերը սկսել են խոսել Հայոց ցեղասպանության փաստի մասին: Համաձայն տարբեր հարցումների` Իսրայելի բնակչության մեծ մասը նույնպես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, սակայն պետական մակարդակով ճանաչում մինչ այսօր տեղի չի ունեցել: Ըստ Ձեզ` ինչո՞վ է դա պայմանավորված:

Վերջին տարիներին հայ–իսրայելական հարաբերություններում որոշակի աշխուժացում է նկատվում։ Կայացել են փոխայցելություններ, իրականացվում են գիտակրթական, մշակութային ծրագրեր, աճում է զբոսաշրջությունը, աշխատանք է տարվում առողջապահության, գյուղատնտեսության, առեւտրի եւ այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ, ստորագրվել են մի շարք նոր փաստաթղթեր։ Ս/թ. մարտ ամսին Իսրայել այցելած ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ այդ երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։ Համոզված եմ, որ այդ հանդիպումը կարեւոր հանգրվան էր երկկողմ հարաբերությունների ամրապնդման հետագա ընթացքի համար։ ՀՀ արտգործնախարարը ներկա գտնվեց նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգին, որը կրում էր «Քեզ հետ, Հայաստա՛ն» խորագիրը: Համերգից առաջ նա ելույթ ունեցավ օրվա խորհրդի շուրջ, որն ուղիղ հեռարձակվեց Իսրայելի Հանրային ռադիոյով։

Տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հայտնվում է Կնեսեթի լիագումար նիստերի քննարկումների օրակարգում, որից հետո այն լրամշակման է ուղարկվում այս կամ այն մշտական հանձնաժողով եւ այդպիսով սառեցվում մինչեւ հաջորդ առիթը։ Այս երեւույթն ինքնին արտացոլում է այն տարաձայնությունը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ առկա է հանրային կարծիքի եւ կառավարության ըմբռնմանը համապատասխանող քաղաքական շահերի միջեւ։ Վերջինս էլ հանդիսանում է Իսրայելի կողմից պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման հապաղման հիմնական պատճառը։ Այնուամենայնիվ, ի նպաստ ճանաչման հանրային կարծիքի տարածման դինամիկան թույլ է տալիս հավատալ, որ, ի վերջո, այդ գործընթացը կբերի բաղձալի հանգուցալուծման։ Կարեւոր է, որ Իսրայելում օրեցօր ավելի է ամրապնդվում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում հայ եւ հրեա ժողովուրդների համատեղ պատասխանատվության գաղափարը։

Պարո՛ն դեսպան, 2015թ.` ամբողջ տարվա ընթացքում, նշվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները: Այդ առթիվ ի՞նչ միջոցառումներ են տեղի ունեցել եւ ի՞նչ միջոցառումներ են առաջիկայում ծրագրված Եգիպտոսում:

Պետք է ասեմ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Եգիպտոսի հանձնախումբը պատկառելի աշխատանք է իրականացրել եւ նույն ոգով շարունակում է առաջ ընթանալ։ Կազմակերպվել են տասնյակ դասախոսություններ Այն Շամսի, Կահիրեի Ամերիկյան, Ալեքսանդրիայի, Մանսուրայի, Դամանհուրի համալսարաններում, գիտաժողովներ են անցկացվել Ալեքսանդրիայի հռչակավոր գրադարանում, Կահիրեի Մեծ գրադարանում, Այն Շամս համալսարանում եւ այլուր։ Կազմակերպվել են համերգներ, ներկայացումներ, ցուցադրություններ։ Արաբերեն լեզվով հրատարակության է պատրաստվել եւ տպագրվել Հայոց ցեղասպանության թեմայով գիտական եւ հանրամատչելի գրականություն։ Հետեւողական աշխատանք է տարվել եգիպտական ԶԼՄ-ների հետ։ Արդյունքում եգիպտական մամուլը առ այսօր պարզապես հեղեղված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակումներով։ Մի շարք հեղինակավոր հեռուստաընկերություններ Հայաստանի եւ Հայոց ցեղասպանության մասին նկարահանել ու ցուցադրել են ֆիլմեր եւ հաղորդումներ։ Եթեր են արձակվել տասնյակ  հեռուստատեսային հարցազրույցներ։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր միջոցառումները լուսաբանելու նպատակով Երեւան են մեկնել ավելի քան հինգ տասնյակ եգիպտացի լրագրողներ։ Նրանց, ինչպես նաեւ Ղպտի Ուղղափառ եկեղեցու պատրիարք Թավադրոսի գլխավորած պատվիրակության, Գլոբալ ֆորումի մասնակից եգիպտացի մտավորականների խմբի եւ նրանց ընկերակցող եգիպտահայերի ուղեւորությունը Հայաստան դյուրացնելու նպատակով Կահիրեի Հայոց առաջնորդարանի ջանքերով ապրիլյան միջոցառումների օրերին իրականացվել է Կահիրե-Երեւան-Կահիրե չարթերային թռիչք։ Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունից հետո 100 անգամ ղողանջել են Կահիրեի եւ Ալեքսանդրիայի հայկական եկեղեցիների զանգերը, իսկ ապրիլի 24-ին Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում բազմաթիվ օտար հյուրերի ներկայությամբ մատուցվել է Սուրբ Պատարագ, որին հետեւել է հիշատակի հանդիսավոր արարողությունը։ Նախօրեին Կահիրեի հայ համայքնի երիտասարդները քայլարշավ էին իրականացրել դեպի անհայտ զինվորի հուշարձան։ Հանձնախումբը, որպես գլխավոր նպատակ, իր առջեւ դրել էր Եգիպտոսի հասարակության իրազեկումը Հայոց ցեղասպանության մասին, որը եւ հաջողությամբ իրականացվեց։ Ի հայտ եկան բազմաթիվ բարեկամներ եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ջատագով կազմակերպություններ եւ անհատներ։ Տարվա ընթացքում նախատեսվում են նորանոր հանրային միջոցառումներ` համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ։ Առաջիկայում սպասվում է նաեւ Պորտ Սայիդում Մուսա լեռան գաղթականների վերանորոգված գերեզմանատան բացման հանդիսավոր արարողությունը։

Ինչե՞ս են Ձեր ծանրաբեռնված գրաֆիկին վերաբերվում Ձեր ընտանիքի անդամները: Նաեւ մի քանի խոսքով պատմեք Ձեր ընտանիքի մասին:

Մեծ բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ, որ որպես օրինաչափություն` դիվանագետի ամուսինն անմիջականորեն առնչվում է նրա առաքելության իրականացմանը` ստանձնելով որոշակի պարտականություններ, ուստի, կամա թե ակամա հարմարվում է նրա աշխատանքային ռիթմին։ Ամենաբարդ խնդիրն այն է, որ միշտ չէ, որ հաջողվում է ընտանիքդ ողջ կազմով կողքիդ պահել։ Երբեմն ընտրության առաջ ես կանգնում` որտե՞ղ է ավելի կարեւոր, որ տվյալ պահին լինի կինդ` ուսանող երեխայի՞դ, թե՞ քո կողքին։ Մեկ այլ բարդ խնդիր է երեխաների ուսումը, թեեւ իմ պարագայում սա արդեն անցած փուլ է։ Զավակներս հասուն մարդիկ են արդեն։ Տղաս արեւելագետ է, գիտությունների թեկնածու։ Դուստրս Եգիպտոսի միջազգային համալսարանն ավարտելուց հետո իր աշխատանքային գործունեությունն է սկսել Երեւանում` «Հայաստան ծառատունկ» հիմնադրամում, իսկ կինս ստիպված է երթեւեկել Երեւանի եւ Կահիրեի միջեւ։

Վերջում մեր ավանդական հարցն է` ուղղված մեր բոլոր զրուցակիցներին: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին:

Կարծում եմ, այս ծրագրի ավարտին ձեր տրամադրության տակ բավականաչափ նյութ հավաքված կլինի` «Խորհուրդներ դիվանագիտետի մասնագիտությունն ընտրողներին» խորագրով ձեռնարկ պատրաստելու համար։ Իսկ եթե ավելի լուրջ, կասեի հետեւյալը` դիվանագետի մասնագիտությունը երկու երես ունի։ Մեկը արտաքին հմայքն է, որը մեծ մասամբ խաբուսիկ է, իսկ մյուսը` ամենօրյա քրտնաջան աշխատանքն ու անմնացորդ նվիրվածությունը։ Ընտրե՛ք այդ մասնագիտությունը միայն այն դեպքում, եթե Ձեզ պատրաստ եք համարում երկրորդի համար։

Արմեն Մելքոնյանի կենսագրությունը

Ծնվել է 1958թ. Երեւանում:

Կրթությունը

1980թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության Ֆակուլտետի արաբական երկրների բաժինը:

1980-1986թթ. ուսանել է ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում:

1990թ. պաշտպանել է գիտական թեզ «Հայկական միջնադարյան աղբյուրները Արաբական խալիՖայության մասին (7-9-րդ դդ.)» թեմայով` ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան:

Աշխանտանքային գործունեությունը

1982-1984թթ. Արաբերեն լեզվի թարգմանիչ Եմենի ԺԴՀ-ում:

1986-1988թթ. Ծառայել է բանակում՝ որպես սպա:

1988-1992թթ. ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող:

Սկսած 1991թ.-ից` դասավանդել է ԵՊՀ Արեւելագիտության Ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում:

1992-1993թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության գլխավոր մասնագետ:

1993-1994թթ. ՀՀ նախագահի օգնական:

1994թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության 1-ին քարտուղար:

1994-1997թթ. Եգիպտոսում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար, ապա` խորհրդական:

1997-1998թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության պետ:

1998-2000թթ. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս:

2001-2002թթ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջազգային կապերի բաժնի վարիչ:

2002-2006թթ. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս:

2006թ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության խորհրդական:

2006-2009թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության պետ:

2013թ. Շնորհվել է արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

17 նոյեմբերի, 2009թ.` Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահին է հանձնել հավատարմագրերը՝ որպես Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:

2010թ. Արաբական Լիգայում եւ Աֆրիկյան Միությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դիտորդ:

2010թ. դեկտեմբերից համատեղության կարգով Լիբիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:

2011թ. մարտից համատեղության կարգով Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:

Հեղինակել է մի շարք գիտական հոդվածներ, մասնակցել տարբեր միջազգային խորհրդաժողովների:

Օտար լեզուների իմացությունը

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, արաբերեն լեզուներին:

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Զրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել