Ամերիկյան ֆոնդային ինդեքսները հինգշաբթի օրվա առևտուրն ավարտել են աճ գրանցելով։
Չորեքշաբթի ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ընդունած՝ հիմնական տոկոսադրույքը 25 բազիսային կետով բարձրացնելու սպասված որոշումը վերացրել է անորոշության գործոններից մեկը, ինչը նպաստել է ներդրողների տրամադրությունների բարելավմանը։
ԴՊՀ-ն նշել է, որ գնաճը մնում է բարձր, իսկ դրամավարկային քաղաքականության ձեռնարկված միջոցները կօգնեն այն ավելի արագ վերադարձնել 2 տոկոս նպատակային մակարդակին։ ԴՊՀ ղեկավար Քևին Ուորշը նիստի արդյունքներով ունեցած ելույթի ընթացքում ընդգծել է, որ ԿԲ-ն կենտրոնացած է գների կայունության ապահովման վրա։
Կենտրոնական բանկի ղեկավարների միջին կանխատեսումը ենթադրում է, որ մինչև 2026 թվականի վերջ բազային տոկոսադրույքը կբարձրացվի ևս 25 բազիսային կետով։ Շուկայի մասնակիցները հոկտեմբերյան նիստում տոկոսադրույքի բարձրացման հավանականությունը գնահատում են 53,1 տոկոս, վկայում են CME FedWatch տվյալները։
Միևնույն ժամանակ, հինգշաբթի հրապարակված պաշտոնական տվյալները ցույց են տվել ԱՄՆ-ում գործազրկության նպաստի համար նոր դիմումների թվի անսպասելի կրճատում, ինչը դարձել է ամերիկյան աշխատաշուկայի պահպանվող կայունության հերթական վկայությունը։ Նպաստի համար դիմած ամերիկացիների թիվը նախորդ շաբաթ նվազել է 10 հազարով՝ հասնելով 196 հազարի։ Trading Economics-ի ներկայացրած կոնսենսուս-կանխատեսման համաձայն՝ վերլուծաբանները սպասում էին դիմումների թվի աճ մինչև 208 հազար՝ նախորդ շաբաթվա 206 հազար մակարդակից։
S&P 500-ի բաղադրիչների շարքում աճի առաջատարը Generac-ն է, որը համաշխարհային առաջատարներից է պահուստային և ինքնավար էլեկտրամատակարարման համակարգերի արտադրության ոլորտում։ Generac-ի կապիտալացումն աճել է 18,3 տոկոսով՝ այն լուրերի ֆոնին, որ ընկերությունը ստորագրել է գեներատորների մատակարարման համաձայնագիր Amazon.com Inc.-ի հետ։ Առաջին մատակարարումները սպասվում են 2,4 մլրդ դոլարի մակարդակով 2027 և 2028 թվականներին։ Amazon-ի շուկայական արժեքն աճել է 2,1 տոկոսով։
Super Micro Computer-ի բաժնետոմսերը թանկացել են 9,5-ով, Moderna Inc.-ինը՝ 8,6-ով, Hewlett Packard Enterprise-ինը՝ 8-ով, Intel Corp.-ինը՝ 7,7-ով, Advanced Micro Devices-ինը՝ 6,4-ով, Sandisk Corp.-ինը՝ 6,2-ով, Workday Inc.-ինը՝ 6,1 տոկոսով։
Տեղեկությունները, թե ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը հաստատել է հնգամյա «նորարարական բացառություն», որը տարածվում է տոկենացված բաժնետոմսերի առևտրի վրա, աջակցություն են ցուցաբերել կրիպտոարժույթների հետ աշխատող ընկերությունների գնանշումներին, այդ թվում՝ Robinhood Markets-ին (+5,2 տոկոս), Circle Internet Group-ին և Coinbase Global-ին (երկուսի դեպքում էլ՝ +5,8 տոկոս)։
Dow Jones ինդեքսի կազմում ամենաուժեղ աճը գրանցել է Nvidia Corp.-ը (2,5 տոկոսով)։
Cisco Systems Inc.-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 2,3-ով, Caterpillar-ինը՝ 2-ով, Nike Inc.-ինը և Merck & Co.-ինը՝ 1,6-ով, Microsoft Corp.-ինը՝ 1,5-ով, Goldman Sachs Group-ինը և Apple Inc.-ինը՝ 1,4-ով, Alphabet Inc.-ինը և 3M Co.-ինը՝ 1,3 տոկոսով։
S&P 500-ում ամենամեծ կորուստները կրել է T-Mobile US-ը (-5,6 տոկոս), իսկ Dow Jones-ում՝ Salesforce Inc.-ը (-2,9 տոկոս)։
Էներգիայի պահպանման համակարգերի և էներգասպառման կառավարման ծրագրային ապահովման արտադրությամբ մասնագիտացած Fluence Energy-ի բաժնետոմսերի գինը նվազել է 15,4 տոկոսով այն բանից հետո, երբ ընկերությունը վատթարացրել է 2026 ֆինանսական տարվա հասույթի կանխատեսումը։
CoreWeave-ի կապիտալացումը նվազել է 4,2 տոկոսով։ Ամպային ենթակառուցվածքի ոլորտում լուծումների մատակարարը հայտարարել է փոխարկելի պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով 3 մլրդ դոլար ներգրավելու մտադրության մասին։
Հինգշաբթի օրվա աճուրդների արդյունքներով՝ Dow Jones Industrial Average-ը բարձրացել է 0,61 տոկոսով՝ հասնելով 51 778,04 կետի։
Standard & Poor's 500-ի արժեքն աճել է 1,14 տոկոսով՝ մինչև 7 637,76 կետ։
Nasdaq Composite ինդեքսն ավելացել է 1,69 տոկոսով և փակվել 26 418,3 կետի մակարդակում։





























