Չինաստանի մամուլի հետ հաղորդակցության միջազգային կենտրոնի (CIPCC) ծրագրի շրջանակում տեղի են ունեցել «Մի անգամ Մերձավոր Արևելքում» ֆիլմի հատուկ ցուցադրությունը և հանդիպումը ռեժիսորի հետ, որին մասնակցել են օտարերկրյա լրագրողներ։
Ֆիլմի գործողությունները ծավալվում են մտացածին մերձավորարևելյան Բահաթա քաղաքում, ուր վաստակելու նպատակով մեկնում է չինացի խոհարար Սյույ Ֆուն․ նրան անհրաժեշտ է բարելավել ընտանիքի գործերը և մարել պարտքերը։ Կառավարիչ Մա Ցզյունշենի հետ միասին նրանք բացում են «Վիշապ» ռեստորանը․ Սյույ Ֆուն պատասխանատու է խոհանոցի համար, իսկ նրա գործընկերը՝ այն բանի, որ հաստատությունը գոյատևի օտար օրենքների, օտար լեզվի և օտար սովորույթների միջավայրում։ Գործերը լավ են ընթանում, ռեստորանը դառնում է ամենատարբեր մարդկանց ձգող կենտրոն, սակայն ամեն ինչ փլուզվում է, երբ տարածաշրջան է հասնում զինված հակամարտությունը ԱՄՆ մասնակցությամբ։ Աշխարհը, որը հերոսներն այդքան դժվարությամբ իրենցն էին դարձրել, հաշված օրերի ընթացքում վերածվում է ավերակների, իսկ մարդը, որը միշտ փորձել էր հեռու մնալ քաղաքականությունից, հասկանում է, որ այլևս ոչ ոքի չի հաջողվի մի կողմ քաշված մնալ։


Եթե փորձենք մեկ բառով նշել, թե ինչից է կառուցված այս ֆիլմը, ապա այդ բառը կլինի «կոնտրաստը»։ Էկրանային ժամանակի զգալի մասը նվիրած է ուտելիքին՝ մանրամասն, գրեթե քնքուշ կադրերին, թե ինչպես է պատրաստվում, մատուցվում և համտեսվում չինական խոհանոցը, ինչպես են դրան ընտելանում, ապա արդեն առանց դրա ապրել չեն կարողանում բոլորովին այլ մշակույթի մարդիկ։ Թվում է, թե մեր առջև գաստրոնոմիական դրամա է երկու խոհարարական աշխարհների հանդիպման մասին։ Իսկ հետո կադր է ներխուժում պատերազմը, և պարզվում է, որ ուտելիքն այս ամբողջ ընթացքում ոչ թե ֆոն էր, այլ պատումի առանցքը։
Հենց այս հակադրության մեջ՝ խոհանոցում ծխացող կաթսայի և պատուհանից այն կողմ ավերված քաղաքի միջև, ֆիլմը հնչեցնում է իր հիմնական միտքը․ կյանքը շարունակվում է անկախ նրանից, թե ինչ է կատարվում շուրջբոլորը։ Երբեմն մի պարզ գործողություն՝ նստել սեղանի շուրջ և կիսել ուտելիքը մեկ այլ մարդու հետ, դառնում է այն քիչ բաներից մեկը, որը մարդկանց պահում է «ջրի երեսին», երբ մնացած ամեն ինչ փլուզվում է։



Եվս մեկ միտք, որն անցնում է ամբողջ ֆիլմի միջով, այն է, որ պարտադիր չէ, որ ընտանիքն անպայման արյունակցական կապ նշանակի, հաճախ դա այն է, երբ մենք ինքներս ենք ընտրում այդպես կոչելը։ Տարբեր ազգությունների, հավատքների ու ճակատագրերի հերոսները, որոնք հայտնվել են «Վիշապ» ռեստորանի հարկի տակ, ինչ-որ պահի միմյանց ավելի հարազատ են դառնում, քան արյունակիցները, պարզապես որովհետև միասին անցել են ամենասարսափելիի միջով։

Ֆիլմում պատերազմը ցուցադրված է առանց զարդարանքի և առանց շահարկման․ այն ոչ ոքի չի խնայում, բայց ամենացավոտ կերպով հարվածում է նրանց, ովքեր դրանում ամենաքիչն են մեղավոր՝ երեխաներին։ Եվ, թերևս, հենց այս գիծն է հանդիսատեսի համար ամենածանրը։ Միևնույն ժամանակ, մշակույթները, որոնք ֆիլմի սկզբում թվում են գրեթե անհամատեղելի՝ չինականն ու մերձավորարևելյանը՝ իրենց լեզուներով, կրոններով, սովորույթներով ու կենսակերպով, ավարտին այնքան խիտ են միահյուսվում, որ պարզ է դառնում՝ «մերը» և «օտարը» տարբերությունը առաջինն է վերանում, երբ խոսքը վերաբերում է գոյատևմանն ու մարդասիրությանը։

«Փախստականների ճամբարներ և տեղում գործող չինական ռեստորաններ այցելելու ընթացքում ես այնքան բան տեսա, ինչն ինձ վրա չափազանց ուժեղ տպավորություն թողեց՝ վիշտ, աղոթքներ, իսկապես ծանր զգացումներ, որոնց դժվար էր առնչվել։ Ֆիլմի երաժշտական ղեկավարը, որը սովորաբար կենսուրախ մարդ է, փախստականների ճամբար այցելելուց հետո երկու ժամ չէր կարողանում ոչ մի բառ արտաբերել․ մենք երբեք նախկինում չէինք բախվել նման ցավի։ Այդ նույն ճամբարում մենք երեխաներից մեկին հարցրինք, թե նա ինչ է ամենից շատ ուզում, և տղան պատասխանեց, որ շատ է ուզում խաղալիք մեքենա, որպեսզի խաղա․ ընդ որում՝ նա ձախ ձեռք չուներ և ավելացրեց, որ միևնույն է՝ շատ լավ է կարողանում խաղալ։ Հենց այդ պահին չափից ավելի պարզ դարձավ՝ պատերազմը խլում է ամեն ինչ՝ կյանքեր, ձեռքեր, բայց ամենասարսափելին այն է, որ այն երեխաներից խլում է միամտության և անմեղության իրավունքը»,- NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան նշել է ֆիլմի ռեժիսոր Վեն Մույեն։
Խոստովանեմ՝ ամբողջ ֆիլմի ընթացքում ես արտասվում էի և ցուցադրությունից դուրս եկա շատ ուժեղ տպավորությամբ։ Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ կինոն կարողանում է պատերազմի մասին խոսել ոչ թե պաթոսի և քաղաքականության, այլ շատ պարզ, ճանաչելի բաների միջոցով՝ ուտելիքի, տան, մարդկանց միջոցով, որոնք ընտանիք են դառնում ոչ թե արյամբ։ Առանձին ուզում եմ ասել․ հայկական լսարանի համար այս պատմության մեջ շատ բան կլինի խիստ հարազատ և հասկանալի՝ չափազանց շատ ընդհանրություններ կան կորստի, հարկադրված ճանապարհների և քաոսի մեջ սովորական կյանքը պահպանելու փորձառության մեջ։
Դիանա Առուշանյան, Պեկին





























