Չինաստանի մայրաքաղաքի առևտրային փողոցներով զբոսնելիս դժվար է չնկատել Qingzhi (青稚) բրենդի ոճային մինիմալիստական բուտիկների մոտ գոյացող հերթերը։ NEWS.am-ի թղթակիցը եղել է բրենդի պեկինյան խանութում՝ հասկանալու համար, թե ինչպես է տեղական բրենդը հանրաճանաչ դարձել TikTok սոցիալական ցանցում՝ սովորական ձեռքի քսուքը վերածելով սեզոնի գլխավոր նվերներից մեկի։
Qingzhi-ի գլխավոր գաղափարական քայլը անհատականացումն է։ Պեկինում ֆլագմանական բուտիկի ամբողջ պատը ներկայացնում է օծանելիքային արխիվ․ դարակներում ըստ ամսաթվերի դասավորված են քսուքի 365 տուբիկներ։

Յուրաքանչյուր ծննդյան ամսաթիվ համապատասխանում է փաթեթավորման յուրահատուկ երանգի՝ պաստելային կանաչից մինչև նուրբ նարդոսագույն տոներ, սեփական բույրի՝ թարմ ցիտրուսային ու փայտային նոտաներից մինչև հազվագյուտ ծաղկային ակորդներ, ինչպես նաև «ծաղիկների լեզվին» (Birthday Flower Language)․ տուբիկի և քարտիկի վրա նշված են տարվա կոնկրետ օրվա հետ ասոցացվող ծաղկի խորհրդանիշն ու ուղերձը։
TikTok-ում Qingzhi-ի քսուքների բացման մասին տեսանյութերը հավաքում են միլիոնավոր դիտումներ։ Օգտատերերը տեսանյութեր են նկարում, որտեղ քսուքներ են ընտրում հարազատների ծննդյան ամսաթվերին համապատասխան՝ գնումը վերածելով նվերային ժեստի։ #QingzhiBirthdayCream հեշթեգի ներքո բլոգերները ցույց են տալիս, թե որ բույրն ու գույնն է բաժին հասել իրենց ծննդյան օրվան՝ համեմատելով փաթեթավորման վրա նշված խորհրդանիշները։ Իսկ ընտրության գործընթացը պեկինյան խանութում կառուցված է որպես մի ամբողջ արարողակարգ, որը հիանալի երևում է կարճ տեսանյութերում։


Խանութը կազմակերպված է «զգացմունքների պատկերասրահի» սկզբունքով․ մուտքի մոտ գնորդին առաջարկում են օրացույց-դարակի մեջ գտնել իր ամսաթիվը։ Արտադրանքի տեքստուրան թեթև է և սնուցող, սակայն գլխավոր բանը, ինչի համար մարդիկ գալիս են այստեղ, անհատականության զգացողությունն է։ Qingzhi-ին հաջողվել է վաճառել ոչ թե պարզապես կոսմետիկա, այլ անձնական տարածք՝ փաթեթավորված կոկիկ սրվակի մեջ։

Դիանա Առուշանյան, Պեկին





























