ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը չպետք է մերձավորարևելյան քաղաքականությունը կառուցի Իսրայելի շահերից ելնելով, եթե դրանք չեն համընկնում ամերիկացիների շահերի հետ, հայտնում է VIN News-ը։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում մեր արտաքին քաղաքականությունը ստորադասվի Իսրայել պետությանը»,- հայտարարել է Վենսը՝ ելույթ ունենալով All-In փոդքասթի կազմակերպած համաժողովում։
Նրա խոսքով՝ Իսրայելը մնում է ռազմական տեխնոլոգիաների և հետախուզական տվյալների փոխանակման ոլորտում ԱՄՆ-ի կարևոր գործընկերը, սակայն դաշնակցային հարաբերությունները չեն նշանակում տարաձայնությունների բացակայություն։
Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր կարծիքով, վերջին 40 տարիների մյուս բոլոր նախագահներից ավելի հաճախ է պատրաստակամություն ցուցաբերել տարբերվող կարծիք ունենալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, եթե համարել է, որ ամերիկացիների շահերը տարբերվում են Իսրայելի կառավարության շահերից։
«Թրամփը վերջին 40 տարվա միակ նախագահն է, ով պատրաստ է ասել. «Այո՛, Բիբին լավ գործընկեր է, բայց այս հարցում մեր կարծիքները տարբեր են»»,- ասել է փոխնախագահը՝ օգտագործելով Նեթանյահուի տարածված մականունը։ Վենսի խոսքով՝ Թրամփը կարող է նաև համարել, որ Նեթանյահուն ինչ-որ հարցում ճիշտ է Իսրայելի շահերի տեսանկյունից, բայց միևնույն ժամանակ այլ ուղեգիծ է ընտրել՝ ելնելով ԱՄՆ շահերից։
Փոխնախագահն ընդգծել է, որ այլ դաշնակիցների հետ Վաշինգտոնի հարաբերությունները նույնպես պետք է կառուցվեն նախևառաջ ամերիկյան շահերը հաշվի առնելով։ Որպես օրինակ նա նշել է ՆԱՏՕ-ն։
«Մենք ՆԱՏՕ-ում բազմաթիվ կարևոր հարաբերություններ ու գործընկերություններ ունենք, բայց դա չի նշանակում, թե մենք մեր եվրոպական արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ ստորադասելու ենք ՆԱՏՕ-ին, ճիշտ այնպես, ինչպես չենք կարող թույլ տալ, որ մեր մերձավորարևելյան արտաքին քաղաքականությունը ստորադասվի Իսրայել պետությանը»,- հայտարարել է Վենսը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մյուս երկրների հետ կհամագործակի այնտեղ, որտեղ իրենց շահերը համընկնում են, և տարբերվող տեսակետեր կունենա այն հարցերում, որտեղ դրանք տարբերվում են։ «Մենք հետամուտ ենք լինելու Ամերիկայի շահերին։ Միայն այդպես է հնարավոր բանական արտաքին քաղաքականություն վարել»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։





























