Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի վերջին հակամարտությունները բարդացրել են հրեաների և քրիստոնյաների հարաբերությունները, սակայն չեն ոչնչացրել տարիների պատմություն ունեցող միջկրոնական երկխոսությունը։ Այս մասին ասվում է Վատիկանի երեք գլխավոր կառույցների մշակած և քահանայապետի կողմից հաստատված նոր հրամանագրում, փոխանցում է Reuters գործակալությունը:

Փաստաթուղթը նվիրված է Վատիկանի Երկրորդ տիեզերաժողովի Nostra aetate հռչակագրի ընդունման 60-ամյակին։ Այն շրջադարձային նշանակություն է ունեցել Կաթոլիկ եկեղեցու և այլ կրոնների ներկայացուցիչների հարաբերությունների զարգացման, ինչպես նաև քրիստոնյաների ու հրեաների միջև դարավոր լարվածությունը հաղթահարելու գործում։

«Վերջին տարիներին Մերձավոր Արևելքում բռնկված հակամարտություններն իրենց հետքն են թողել հրեա-քրիստոնեական հարաբերությունների վրա»,— նշվում է հրամանագրում։

Փաստաթղթի հեղինակներն ընդգծում են, որ շարունակվող բռնությունների գնահատման հարցում առկա տարաձայնությունների պատճառով շփման բազմաթիվ ուղիներ լուրջ փորձության են ենթարկվել։ Այդուհանդերձ, ըստ քահանայապետի, միջկրոնական երկխոսության հիմքերը, որոնք կառուցվել են վեց տասնամյակների համատեղ աշխատանքի արդյունքում, անսասան են մնացել։

«Այնուամենայնիվ, հավատացյալների միջև երկխոսության հիմքերը, որոնք դրվել են 60 տարվա համատեղ ջանքերի շնորհիվ, ամուր են մնում։ Այս հիմքի վրա հնարավոր է և անհրաժեշտ է շարունակել կառուցումը»,— ասվում է փաստաթղթում։

Հրամանագրում չի հստակեցվում, թե հատկապես մերձավորարևելյան որ հակամարտություններն են ի նկատի առնվում։ Միաժամանակ, Լևոն XIV-ն ավելի վաղ քննադատել էր Իրանի դեմ պատերազմը, ինչն արժանացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ արձագանքին։

Հռոմի պապը նաև վերստին դատապարտել է հակասեմականությունն ու իսլամաֆոբիան՝ հակասեմականության դեմ պայքարն անվանելով հրեաների և քրիստոնյաների «համատեղ պայքար»։

Փաստաթղթում հատուկ ընդգծվում է, որ իսլամաֆոբիայի դրսևորումները խոչընդոտում են ծայրահեղական բռնությունը սովորական մուսուլմանների առօրյա կյանքից տարբերակելուն։ Հրամանագրի հեղինակների համոզմամբ՝ նման նույնականացումը նպաստում է մուսուլմանական համայնքի հանդեպ կանխակալ վերաբերմունքի ձևավորմանը։

Լևոն XIV-ը Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին ամերիկացի Հռոմի պապն է։