Բոլիվիայում հայտնաբերվել է նախկինում անհայտ վայրի կատուների տեսակ, որին տվել են Leopardus tilcayo կամ տիլկայո վագրակատու անվանումը։ Ինչպես սեպտեմբերի 17-ին հայտնել է National Geographic ամսագիրը, սա վերջին 100 տարվա ընթացքում վայրի կատվազգիների նոր տեսակի առաջին նկարագրությունն է։
Տիլկայոյի առաջին դիտարկումները գիտնականները կատարել էին դեռևս 2016 թվականին, սակայն հայտնագործության պաշտոնական ճանաչման համար պահանջվել են երկարատև ուսումնասիրություններ։ Տեսակի յուրահատկությունը հաջողվել է հաստատել լաբորատոր ուսումնասիրության միջոցով, որը թույլ է տվել հստակ տարանջատել տիլկայոն ցեղակից տեսակներից։
Տիլկայոն աչքի է ընկնում մի շարք բնորոշ հատկանիշներով։ Չափերով այս տեսակը զիջում է սովորական տնային կատվին։ Այն ունի բծեր, որոնք ձևավորում են ընձառյուծային նախշ, ինչպես նաև ականջների կլորավուն ձև, ինչը չի հանդիպում այս տարածաշրջանում բնակվող մյուս մանր կատուների մոտ։
Տիլկայոյի հայտնաբերումը բնապահպանների համար լրացուցիչ առաջնահերթություններ է առաջադրում. այժմ կարևոր է հոգ տանել այս պոպուլյացիայի պահպանման մասին։ Այս հազվագյուտ տեսակը բնակվում է Հարավային Ամերիկայում, նրա արեալը սահմանափակ է։




























