Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:10-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 42-ամյա Շահեն Ս.-ի վարած «Honda» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Անգելինա Ա.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Բախման հետևանքով «Honda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ «Toyota»-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։





























