Ճապոնիայի խոշորագույն ավտոմոբիլաշինական կորպորացիան՝ Toyota Motor-ը, որոշում է ընդունել աշխարհի տարբեր երկրների իր գործարաններում ներդնել մոտ 40 հազար մարդանման ռոբոտ, որոնք մարդկանց հետ միասին կկատարեն տարբեր գործողություններ։ Այդ սարքերը կներառվեն արտադրական գործընթացներում, կոնցեռնի ձեռնարկությունների արդիականացման և վերակառուցման՝ 2028-ին մեկնարկող ծրագրի շրջանակում, հաղորդել է ճապոնական առաջատար գործարար Nikkei թերթը։ Գործարանների արդիականացման համար տարեկան հատկացվում է 1 տրլն իեն (գրեթե 6,4 միլիարդ դոլար)։

Toyota Motor-ը աշխարհի տարբեր երկրներում ունի 60 գործարան, որտեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող 18 հազար մշտական աշխատակիցներ։ Ռոբոտները պետք է բարձրացնեն այդ անձնակազմի օգտագործման արդյունավետությունը, նրանք կարող են սովորել և ինքնուրույն գտնել իրենց առջև դրված խնդիրների կատարման լավագույն եղանակները։

Արդեն հիմա, ինչպես հաղորդվել է, ռոբոտները գործում են որոշ հավաքման գծերի մոտ և պատճենում են մարդ աշխատողների գործողությունները՝ կատարելով ավելի ու ավելի նուրբ գործողություններ։ Ապագայում Toyota Motor-ը նույնիսկ ծրագրում է ռոբոտներն օգտագործել որպես հրահանգիչներ՝ նոր ընդունված անձնակազմի ուսուցման համար։ Կորպորացիայի ղեկավարությունն ընդգծել է, որ արտադրությունում ռոբոտները չեն փոխարինի մարդկանց, նպատակն է ավելի ակտիվ փոխգործակցել նրանց հետ՝ որպես միասնական կոլեկտիվի մաս։