News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը պատմում է հյուպատոսության կատարած աշխատանքների, Ցեղասպանության տարելիցի միջոցառումնեի մասին։

Պարո՛ն Գոմցյան, ներկայացրեք գլխավոր հյուպատոսության պատմությունն ու կատարած աշխատանքները:

ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության որոշմամբ 2003թ. հունիսի 26-ին ՌԴ Հարավային Դաշնային տարածաշրջանում ստեղծվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:   Տարածաշրջանում ընդգրկված սուբյեկտներն են Ադիգեայի եւ Հյուսիսային Օսիայի Հանրապետությունները, Ստավրոպոլի եւ Կրասնոդարի երկրամասերը, Ռոստովի, Վոլգոգրադի եւ Աստրախանի մարզերը: Տարածաշրջանն ունի շուրջ 25 միլիոն բնակիչ եւ բազմահազարանոց հայ համայնքներ:

Հայաշատ տարածքներից առաջինը Կրասնոդարի երկրամասն է, հաջորդը` Ռոստովի մարզը, այնուհետեւ Ստավրոպոլի երկրամասը, Վոլգոգրադի մարզը, Հյուսիսային Օսիայի Հանրապետությունը: 2003թ. հունվարից նշանակվել եմ գլխավոր կառավարիչ, իսկ հետագայում` գլխավոր հյուպատոս:

ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը գտնվում է Դոնի Ռոստովի կենտրոնական մասում` Երեւանյան 1ա հասցեով: Հարեւանությամբ է գտնվում «Սուրբ Հարություն» հայ Առաքելական եկեղեցին, բազմաթիվ հայկական շինություններ, հուշարձաններ, ինչպես    նաեւ հայ-ռուսական բարեկամության թանգարանը:

Տարածաշրջանում կան շուրջ 27 դիվանագիտական ներկայացուցչություններ, որոնց շարքում իր ազդեցիկ դերն ունի ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, ղեկավարվելով ՀՀ գործող օրենսդրությամբ, ՀՀ Նախագահի հրամանագրերով, կառավարության որոշումներով, ՀՀ ԱԳ նախարարի հրամաններով, միջազգային պայմանագրերով, նպատակային աշխատանքներ է տանում Ռուսաստանի հարավային դաշնային տարածաշրջանի եւ ՀՀ միջեւ դիվանագիտական, առեւտրատնտեսական, հոգեւոր, մշակութային, գիտակրթական եւ այլ բնագավառներում փոխհարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման ուղղությամբ:

Կան նաեւ որոշակի առանձնահատկություններ: Ըստ գրաֆիկի` հյուպատոսական ծառայություններ են մատուցվում տարածաշրջանում: Սոչիի հյոպատոսական բաժինը ծառայություններ է մատուցում Կրասնոդար եւ Մայկոպ (Ադիգեյայի Հանրապետություն) քաղաքներում, իսկ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը` Վոլգոգրադ, Աստրախան, Վլադիկավկազ, Ստավրոպոլ, Կիսլովոդսկ, Պյատիգորսկ քաղաքներում:

Հիմնականում ի՞նչ նպատակով են դիմում ՀՀ քաղաքացիները:

Գլխավոր հյուպատոսություն հիմնականում դիմում են հետեւյալ հարցերով.

- ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր, օտարերկրյա պետություններում վավերական անձնագրի փոխանակման, կորցրածի փոխարեն նորը ստանալու, անձնագրի ընհանուր, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգման, տարբեր բնույթի տեղեկանքներ (ընտանեկան կարգավիճակի, ՀՀ քաղաքացիության, դատվածության/չդատվածության, ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորված լինելու/չլինելու վերաբերյալ եւ այլն), ՀՀ վերադարձի վկայական, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար,

- քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, կրկնօրինակների պահանջման նպատակով,

- նոտարական գործողություններ իրականացնելու համար:

Ի՞նչ է արվում Ռոստովի մարզի եւ ՀՀ տարբեր մարզերի միջեւ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Բավականաչափ լուրջ, հեռանկարային քայլեր են արվում Ռոստովի, մյուս մարզերի ու երկրամասերի կողմից ՀՀ մարզերի հետ համագործակցությունը, խորացնելու ուղղությամբ: Սա հոգեւոր, մշակութային, սոցիալական, տնտեսական հարաբերությունների խորացման լավագույն ձեռքբերումներից է: Այսպես` 2015թ. հոկտեմբերին լրանում է մայրաքաղաք Երեւանի եւ Դոնի Ռոստով քաղաքի եղբայրական համագործակցության 10 տարին: Մեծ է համագործակցությունը Երեւանի բուհերի, ՀՀ ԳԱԱ եւ ՌԴ ԳԱԱ հարավային գիտական կենտրոնի տարածքի բուհի միջեւ` ի դեմս Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի եւ Ռոստովի շինարական համալսարանի, Հայաստանի տնտեսագիտական համալսարանի եւ Ռոստովի տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի Ամերիկյան համալսարանի եւ Դոնի Ռոստովի տեխնիկական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի եւ ՌԴ Հարավային դաշնային համալսարանի միջեւ: Տարածաշրջանի նշված բուհերում սովորում է մոտ 150 հազար ուսանող, որոնց թվում հայ ուսանողները կազմում  են 4-6%:

Համագործակցությունը զարգանում է նաեւ տարածաշրջանների` քաղաքների, շրջաների մասշտաբներով` Ռոստովի մարզի Շախտի քաղաք – Արմավիրի մարզի Արմավիր քաղաք, Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաք – Արմավիրի մարզի Արմավիր քաղաք, Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջան - Արարատի մարզի Արտաշատ քաղաք, Ռոստովի մարզի Ցելինսկի շրջան - Արարատի մարզի Մեծ Վեդի քաղաք, Երեւան քաղաք – Դոնի Ռոստով, Ստավրոպոլ քաղաքներ եւ այլն:

Կազմակերպվում են ցուցահանդեսներ, կլոր սեղաններ, ֆորումներ ՀՀ եւ ՌԴ տարածաշրջանների միջեւ: Մեծ զարգացում է ապրում առեւտրի բնագավառը, կա կոնկրետ թվերով արտահայտված աճ: Ընթացիկ տարում տեղի է ունենալու Երեւանի քաղաքապետի այցը Դոնի Ռոստով: Ռոստովի մարզի մարզպետի այցը Հայաստան, որտեղ ստորագրվելու է համագործակցության ծրագիր 2015-2025թթ. համար:

Ամենամյա փոխադարձ հանդիպումներ են տեղի ունենում մարզպետերի, քազաքապետերի, գիտնականների, բուհերի ռեկտորների մակարդակով: Նշենք, որ համագործակցությունը առավել զարգացում է ապրել, երբ սկսեց գործել ուղիղ ավտոտրանսպորտային կապ ՀՀ եւ ՌԴ միջեւ Հայաստան-Վրաստան-Հյուսիսային Օսիա Լարս անցակետի միջոցով: Ճանապարհի մայրուղու անխափան աշխատանքները (հատկապես դեկտեմբեր-մարտ ամիսներին), գտնվում է ՀՀ Նախագահի հսկողության ներքո:

Արդյոք այսօր էլ է աշխո՞ւյժ Ռոստովի հայ համայնքը:

Ռոստովի hայ համայնքը եւ նրա նախագահը` Ռոստովի մարզային խորհրդարանի անդամ Հ.Սուրմալյանը, Հայաստանի հետ կապերը խորացնելու մեծ ջանքեր են գործադրել: Պարոն Սուրմալյանը ՌԴ երկրամասերի, մարզերի կտրվածքով միակ հայ համայնքի նախագահն է, որը մարզային պատգամավոր է:

Համահայկական մի շարք միջոցառումներ են անցկացվել Դոնի Ռոստով քաղաքում: Համայնքի նախագահության կազմում կան մշակույթի, գիտության բնագավառի հեղինակություն ունեցող անձիք:

Դոնի Ռոստով քաղաքի ավագանու կազմում կան 7 հայ ներկայացուցիչներ: Սոչի, Կիսլովոդսկ քաղաքների ավագանու կազմում կան ավելի քան 10 հայազգի ներկայացուցիչներ: Նշված պատգամավորներից շատերը հաճախակի են մասնակցում  Հայաստանում կայացած միջոցառումներին:

Որքանո՞վ տեղյակ ենք, Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հաճախ ներգրավված է լինում ռուս-վրացական սահմանին Հայաստանի քաղաքացիների կամ Հայաստանից արտահանվող ապրանքների հետ կապված միջադեպերում: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտապես ընդգրկված է Լարսի անցակետում կատարվող աշխատանքներին: Տարերային աղետների ժամանակ ՀՀ գլխավոր հյուպատոսության անմիջական մասնակցությամբ կատարվում է քաղաքացիների դուրս բերումն ապահով գոտի, սպասարկումը նրանց սննդով, ջրով եւ անհրաժեշտ պարագաներով: Նշեմ, որ այս հարցում շատ մեծ է Հյուսիսային Օսիայի հայ համայնքի, ինչպես նաեւ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ղեկավար Տ.Մամսուրովի դերը: Վերջինիս հետ հաճախակի հանդիպումների միջոցով քննարկվում են ավտոտրանսպորտի անխափան եւ ուղեւորների կենցաղային հարցերի սպասարկման, ապահովման հարցեր:

Ձեր աշխատանքը հաճախ պահանջում է նաեւ անհետաձգելի գործողությունների իրականացում տարբեր արտակարգ իրավիճակներում: Կարո՞ղ եք նմանատիպ որեւէ դեպք հիշել:

Ես կասեի ոչ թե հաճախ, այլ մշտապես: Լարսի անցակետի բացումից հետո խիստ ակտիվացել է ցամաքային ճանապարհով մարդկանց տեղափոխությունը Ռուսաստանի Դաշնության տարածքից դեպի Հայաստան եւ հակառակը:  Նշեմ, որ Ստավրոպոլ, Կրասնոդար, Ռոստով քաղաքներից մեքենայով Երեւան մեկնելու համար ՀՀ շատ քաղաքացիներ գլխավոր հյուպատոսություն են դիմում տարբեր բնույթի հարցերով եւ ստանում դրանց լուծումը:

Ցավոք, կան եւ դժբախտ պատահարներ: 2013թ. Հայաստան մեկնող միկրոավտոբուսը Կրասնոդարի երկրամասի Կրոպոտկին – Արմավիր ճանապարահատվածում վթարի ենթարկվեց: Միկրոավտոբուսի ուղեւորներից 5-ը մահացան, 7-ը` ծանր վնասվածքներով տեղափոխվեցին Գուլկեւիչի բժշկական կենտրոն:

ՀՀ գլխավոր հյուպատոսությունն անմիջապես արձագանքեց, եւ օպերատիվ աշխատանքներ կատարվեցին թե՛ բժշկական օգնություն ցուցաբերելու, թե՛ մահացածների դիերի` Հայաստան տեղափոխելու հարցում: Մեծ էր նաեւ Լաբինսկի, Արմավիրի, Կրոպոտկինի հայ համայնքների նախագահների անմիջական աջակցությունը: Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ողջ անձնակազմն այդ օրերին դժբախտ դեպքի վայրում էր:

Պարո՛ն Գոմցյան, այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ի՞նչ միջոցառումներ են ծրագրված Դոնի Ռոստովում։

Անշուշտ, մեր սերնդի համար հպարտություն է, որ մեզ ի վերուստ բախտ է վիճակվել մասնակիցը եւ իրականացնողը դառնալ 100-րդ տարելիցի` մարդկությանը, ողջ հայությանը հասած ամենադաժան ողբերգություններից մեկի` Հայոց ցեղասպանության միջոցառմանը: Ի նկատի ունեմ, որ ներկա սերունդը կարողացավ վերականգնել մեր կորցրած պետականությունը` ի շնորհիվ Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքական, դիվանագիտական, ռազմական, աշխարհասփյուռ հայության ուժի, եւ այսօր մենք արժանապատվորեն նշելու ենք Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը:

Ամբողջ Հարավային դաշնային տարածաշրջանում պատշաճ, նախապես մշակված միջոցառումների ծրագրով նշվելու է 100-րդ տարելիցը: Մի շարք կարեւոր դրույթներ:

- Բոլոր մարզկենտրոններում (Ռոստով, Ստավրոպոլ, Կրասնոդար, Վոլգոգրադ, Աստրախան եւ խոշոր քաղաքներում՝ Սոչի, Նովորոսսիսկ եւ այլն) կազմակերվում եւ անցկացվում են գիտաժողովներ (ընդգրկված են ուսանողներ, գիտնականներ, պատգամավորներ եւ այլն):

- Ապրիլի 24-ին կազմակերպվելու է հիշատակի երթ՝ հայաշատ բնակեցված հրապարակներից մինչեւ հայկական եկեղեցիներ:

- Ռոստովում` քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում` Նոր Նախիջեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի մերձակա հրապարակում, բացվելու է «Ոչ Եղեռնին» պղնձաձույլ հուշարձանը:

- Առանձնահատուկ աշխատանք է տարվել` առավելագույն ընդգրկելով ռուս եւ այլազգի բնակչությանը: Բոլոր միջոցառումները լայնորեն լուսաբանվելու են տեղականեւ համառուսաստանյան ԶԼՄ-ների կողմից: Հավատարմագրված լրագրողներ են գործուղվել Երեւան:

Դիվանագետի աշխատանքը բարդ ու ժամանակատար է: Ինչե՞ս են դրան վերաբերվում Ձեր ընտանիքի անդամները: 

Ճակատագրի բերումով` սկսած 1980-ական թթ. սկզբից իմ աշխատանքի բովանդակությունը եղել է այնպիսին, որ աշխատել եմ ընտանիքից շատ հաճախ կտրված:

2010թ. ունեցել եմ ծանր, անդառնալի կորուստ: Ունեմ հրաշալի թոռներ: Ավագը՝ Ֆելիքսը, շատ հարցում կամ ինքն է ինձ կրկնում, կամ ես իրեն, ընկերություն ենք անում եւ իրար հասկանում: Որդիս՝ Դվինը, իմ հետ է ապրում: Դուստրս՝ Գայանեն, բժշկուհի է, բժշկական գիտությունների թեկնածու, երջանիկ մայր եւ կին:

Ու նաեւ ավանդական հարցը, որն ուղղում ենք մեր բոլոր զրուցակիցներին: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին:

Մասնագիտական կրթությունից, լեզուների տիրապետումից, աշխատանքային փորձից առավել` շատ ավելի կարեւոր է լինել պետականամետ, հայասեր, ձգտել Հայաստանը տեսնել իր պատմական սահմանների շրջանակներում: Նաեւ լինել բազմազավակ ծնող:

Արարատ Գոմցյանի կենսագրությունը

Ծննդյան թիվը եւ վայրը

Ծնվել է 1948թ. փետրվարի 2-ին, Գյումրիում /Լենինական/:

Կրթությունը

1971թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը:

Տնտեսագիտության դոկտոր է, պատվավոր պրոֆեսոր:

Աշխատանքային գործունեությունը

1966-1972թթ. աշխատել է Երեւանի շինարարական կազմակերպություններում` որպես ավագ տնտեսագետ

1972-1979թթ. աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում` որպես ավագ գիտաշխատող

1979-1986թթ. աշխատել է կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեում որպես հրահանգիչ, տեսուչ, սեկտորի վարիչ

1986թ.-ից` կոմկուսի Ղուկասյանի առաջին քարտուղար

1990թ.-ից` Բնակարանային եւ կոմունալ տնտեսության հանրապետական կոմիտեի նախագահ

1991-1994թթ. աշխատանքին զուգահեռ` եղել է սահմանամերձ ռազմաճակատային գոտիներում բնակավայրերի վերականգնման, բանակի թիկունքի ապահովման շտաբի պետ /Գորիս, Կապան, Ասկերան-Աղդամ, Քելբաջար-Վարդենիս-Զոդ/

1996թ.-ից` Շիրակի մարզպետ

2000թ.-ից` ՀՀ կառավարության օպերատիվ գլխավոր վարչության պետ, ՀՀ վարչապետի խորհրդական

1990-2000թթ. երկու անգամ ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր

2003թ.-ից` Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանում ՀՀ գլխավոր հյուպատոս

Շքանշաններ

Պարգեւատրվել է ՀՀ, ԼՂՀ տարբեր շքանշաններով:

Ընտանեկան կարգավիճակը

Այրի է, ունի մեկ դուստր եւ մեկ որդի:

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ