Ռուսաստանը ծրագրել է հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Ուկրաինայի դաշնակից եվրոպական երկրներին, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ հինգշաբթի Սեյմում պատգամավորների առջև հատուկ ուղերձով հանդես գալով։ «Հատուկ ծառայությունների գնահատականներով՝ Ռուսաստանի ծրագրերը ներառում են հիբրիդային հարվածներ անօդաչուների և հրթիռների կիրառմամբ այն պետությունների, այդ թվում՝ Լեհաստանի դեմ, որոնք աջակցում են Ուկրաինային», — Տուսկին մեջբերել է Euronews-ը։ Նրա խոսքով՝ Մոսկվան կփորձի նման հարվածները ներկայացնել որպես «պատահական», որպեսզի «կաթվածահար անի կամ առնվազն թուլացնի ՆԱՏՕ երկրների մոտիվացիան»՝ պաշտպանելու դաշինքի հարձակման ենթարկված անդամին։

«Գոյություն ունի իրական ռիսկ, որ ՆԱՏՕ արևելյան թևի մեկ կամ մի քանի երկրների տարածքը կարող է ենթարկվել անօդաչու սարքերի [այդ թվում՝ ռեակտիվ] կամ այլ տեսակի հրթիռների հարձակումների, որոնք կարող են ավերածությունների հանգեցնել։ Եվ պաշտոնական վարկածը կլինի այն, որ դա պատահականություն է, և որ ՆԱՏՕ-ի կողմից որևէ պատասխան գործողության համար հիմքեր չկան», — հայտարարել է լեհ վարչապետը։ Տուսկը հավելել է, որ Ռուսաստանը նպատակ է դրել «առավելագույնս քայքայել Ուկրաինայի տնտեսությունն ու լոգիստիկան», և, ըստ հետախուզական տվյալների, մոտ ապագայում պետք է սպասել «շատ բարձր հաճախականությամբ և ինտենսիվությամբ» անընդհատ հարձակումների ուկրաինական վեց խոշորագույն քաղաքների վրա։

Վարչապետը նշել է ևս մեկ «շատ բացասական» փոփոխություն՝ ռուսական զորքերի կողմից ռեակտիվ անօդաչուների զանգվածային կիրառման սկիզբը, որոնք շարժվում են շատ ավելի արագ և թռչում շատ ավելի բարձր, քան շարժիչային քարշ ունեցող սարքերը։ Գործնականում գրեթե ոչ ոք չունի բավարար արդյունավետ պատրաստվածություն նման անօդաչու սարքերին հակազդելու համար, և «այս աշխատանքը մենք էլ պետք է կատարենք», ընդգծել է նա։

Տուսկը հավելել է, որ Եվրոպայի նկատմամբ սադրանքների վերաբերյալ Ռուսաստանի ծրագրերի մասին իր նախազգուշացումներն ավելի կոնկրետ են դառնում՝ ՆԱՏՕ, Ուկրաինայի և ԱՄՆ, այդ թվում՝ ԿՀՎ հատուկ ծառայություններից ստացվող հետախուզական տեղեկատվության ստացմանը զուգընթաց։

Օգոստոսին The Wall Street Journal-ը վկայակոչել էր ամերիկյան հետախուզության տվյալները, որոնց համաձայն՝ ՌԴ-ն առաջիկա տարիներին կարող է փորձել «ստուգել ՆԱՏՕ վճռականությունը»՝ դաշինքի երկրներից մեկի վրա իրականացնելով «սահմանափակ հարձակում»։ Հնարավոր սցենարների թվում է ցամաքային ներխուժումը Բալթյան երկրներից մեկը։ WSJ-ի տվյալներով՝ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը, որն ամսվա վերջին այցելել էր Մոսկվա, նախազգուշացրել է ռուսական իշխանություններին բալթյան պետությունների վրա հարձակվելուց։