Լիխտենշտեյնի իշխող դինաստիայի անդամները սպառնում են հայց ներկայացնել գահաժառանգ արքայազն և երկրի փաստացի ղեկավար Ալոիսի դեմ՝ գահաժառանգության կարգի վերաբերյալ նրա իրականացրած բարեփոխումների պատճառով, գրել է Financial Times (FT) թերթը՝ հղում կատարելով իշխանական ընտանիքի ներկայացուցիչներին։
Օգոստոսի կեսերին Լիխտենշտեյնի իշխանական տունը հայտարարել էր գահաժառանգության հարցում տղամարդկանց և կանանց իրավունքները հավասարեցնելու որոշման մասին, սակայն ընդունված փոփոխությունները կվերաբերեն միայն ապագա սերունդներին։ Լիխտենշտեյնը մինչ այժմ Եվրոպայի միակ միապետությունն էր, որտեղ գործում էր իշխանական գահի ժառանգումը տղամարդկային գծով։
«Եվրոպայի ամենահարուստ միապետությունում ընտանեկան հակամարտություն է բռնկվում․ Լիխտենշտեյնի իշխանական տան որոշ ներկայացուցիչներ սպառնում են դատի տալ փաստացի ղեկավարին… Հակամարտությունը բռնկվել է անցյալ ամիս, այն բանից հետո, երբ գահաժառանգ արքայազն Ալոիսը իրականացրել է բարեփոխումներ, որոնք առաջին հայացքից առաջադիմական են թվում․ կանանց հնարավորություն է տրվել ժառանգել գահը և քվեարկել ընտանեկան հարցերով»,- նշվել է FT հրապարակման մեջ։
Պարբերականն ընդգծել է, որ այս որոշմամբ արքայազնը ընդլայնել է իր լիազորությունները դինաստիայի անդամների տիտղոսներին, զինանշաններին և կարգավիճակին վերաբերող հարցերում։ Իշխանական տան երկու ներկայացուցիչներ հայտարարել են, որ արքայազնի իրականացրած բարեփոխումները նաև ֆինանսական հետևանքներ ունեն, քանի որ դինաստիական կարգավիճակը ազդում է տան բազմամիլիարդանոց կարողությունից ընտանիքի անդամներին տրվող վճարումների չափի և պայմանների վրա։
Դինաստիայի՝ որոշմանն անհամաձայն անդամները նաև պնդում են, որ արքայազն Ալոիսը խախտել է արձանագրությունը՝ բարեփոխումների վերաբերյալ քվեարկությունը կազմակերպելով փոստով, մինչդեռ ավանդական գործելակերպը ենթադրում է առերես քվեարկություն։




























